Մատչելիության հղումներ

ՄԱԿ. «Իսլամական պետության» գերությունից 36 եզդի է ազատվել


ՄԱԿ-ը հայտնում է, որ «Իսլամական պետության» գերությունից 36 եզդի է ազատվել։

Իրաքում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Լիզ Գրանդեն հայտնել է, որ ապրիլի 28-ին ազատ արձակված եզդիների խմբի կանանց ու աղջիկներին բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվել, հագուստ տրամադրվել: Նրանք գտնվում են Գոհակ քաղաքում:

Հազարավոր եզդի կանայք բռնությունների են ենթարկվել, երբ իսլամիստները Իրաքի հյուսիսում 2014-ին գրավել էին նրանց կենտրոն Սինջարը: Դեռևս 3 հազար 500 եզդի կին գտնվում է գերության մեջ:

Եզդիների կրոնում քրիտոնեության, զրադաշտության և մահմեդականության տարրեր կան: Իսլամիստները նրանց սատանայապաշտ են համարում: Սինջարում իսլամիստները հազարավոր եզդիներ են սպանել:

ԱՄՆ-ի Կոնգրեսը, Պետդեպարտամենտը որպես ցեղասպանություն են որակել իսլամիստների հանցագործությունները եզդիների ու քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և ասորիների դեմ։

Աշխարհում մոտավորապես մեկուկես միլիոն եզդի կա, որոնց մեծ մասը բնակվում է Իրաքում: Հայաստանում ևս եզդիական համայնք կա: Հայաստանի մայրաքաղաքից ոչ հեռու, կառուցվում է աշխարհում եզդիական ամենամեծ տաճարը, որը եզդիների մոտ վերածննդի հույս է արթնացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG