Մատչելիության հղումներ

Պարոնյանի անվան թատրոնում կայացավ Գուրգեն Խանջյանի նոր պիեսի պրեմիերան


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի նոր պիեսի պրեմիերան։

«Պիեսի վերնագիրը «Ծերուկի այցն է», բայց թատրոնում վերնագիրը փոխվեց, որովհետև Երվանդ Ղազանչյանի մտահղացման արդյունքում ուրիշ անուն էր պահանջվում։ Առհասարակ պիեսի շատ դրվագներ փոփոխել ենք։ Պրոֆեսիոնալ գործ արեցինք։ Միշտ դրամատուրգը չի սիրում իր տեքստին ձեռք տալ, բայց ես մտածեցի՝ «ինչո՞ւ ոչ»։ Մենք միշտ նենց դիրք ենք բռնում, որ մեր բառին հանկարծ ձեռք չտան, կարող ես վեպի դեպքում դա անել, բայց ռեժիսորը նույնքան ազատ ստեղծագործող է որքան՝ դու, իր համար էլ պետք է հետաքրքիր լինի», - մինչև բեմադրության առաջնախաղը «Ազատության» հետ զրույցում ասաց Գուրգեն Խանջյանը։

Պիեսը բարության մասին է, ասաց արձակագիրը։ «Պտտվելով էքզիստենցիալ, աբսուրդ իրավիճակների բախումների արդյունքում նորից եկա մի կետի, որտեղ թվում է՝ բարությունը պետք է գոնե ինչ-որ բան փոխի այս աշխարհում, ուրիշ ոչինչ չի կարողանում փոխել», - ասաց Խանջյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում իր կատարած աշխատանքներին՝ արձակագիրն նշեց. - «Մի հատ վեպ կա հիմա տպարանում է, ուր որ է դուրս է գալու, դա իմ վերջին վեպն է, իմ մինչ այս ամբողջ ապրածի և ամբողջ գրածի ամփոփումը ոնց որ լինի։ Երեք տարուց ավել գրվեց, կոչվում է «Տո՛ւր ձեռքդ, պստլո», վերնագիրն ուրիշ էր, էլի վերջում պարզվեց ուրիշ վերնագիր ֆինալի հետ»։

Խանջյանն ասաց, որ իր ընթերցողները շատ չեն, բայց խելքը գլխին ընթերցողներ են։ «Արդեն նոր սերնդի մեջ էլ ընթերցողներ ունեմ, իհարկե, մեծ չի դրանց քանակը։ Մի կողմից ուրախալի է, որ մեծ չի, անկեղծ ասեմ, որովհետև դետեկտիվ գրականություն չեմ գրում, կամ սիրային։ Լավ է, որ փոքր, բայց խելքը գլխին ընթերցող է։ Բայց մի մինուս կա՝ ընթերցողի քանակը քիչ է, գիրքը քիչ է վաճառվում», - ասաց արձակագիրը՝ նշելով. - «Պարզվում է, որ հիմա լվացքի փոշու հետ գիրքն էլ պետք է գովազդվի։ Օրինակ՝ ես շատ կողմնակից չեմ դրա, բայց ժամանակի շունչն է, և հետո ինձնից չի կախված, հրատարակչությունը ծախս է անում, գիրք է տպում, բնականաբար ինքը չի կարող օդի մեջ աշխատել»։

Պարոնյանի անվան թատրոնում կայացավ Գուրգեն Խանջյանի նոր պիեսի պրեմիերան
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG