Մատչելիության հղումներ

Զուրաբյան. ՍԴ-ն փորձում է հնարավորինս լավ պաշտպանել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իրականացրած ընտրակեղծարարությունը


Ըստ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանի, ՍԴ-ի որոշումը դաշինքի համար անակնկալ չէր, ՍԴ դիմելու իրենց հիմնական նպատակը ներհանրապետական ատյանները սպառելն ու Եվրոպական դատարան դիմելն էր։

«Ես ի սկզբանե ասել եմ, դեռ մինչև Սահմանադրական դատարան դիմելը, անգամ քննության ժամանակ, ասել եմ, որ մենք գիտենք, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում է ընդունելու, և որ նպատակն այն է, որ մենք ապացույցները ներկայացնենք մեր հանրությանը՝ մեկ, երկրորդը՝ հետո կարողանանք, սպառելով ներհանրապետական ատյանները, դիմենք Եվրոպական դատարան։ Երկու նպատակի համար հիմքերն էլ մենք ստեղծեցինք։ Մենք իրագործել ենք առաջին նպատակը, հիմա պետք է իրագործենք երկրորդ նպատակը, այնպես որ որևէ խնդիր ես այնտեղ չեմ տեսնում», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Զուրաբյանը։

Հարցին, թե ինչո՞ւ ինքը բոյկոտեց ու չմասնակցեց որոշման հրապարակմանը, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. - «Իսկ թե ինչո՞ւ չուզեցա մասնակցել այդ վերջին հրապարակմանը, որովհետև դա ինձ համար ի սկզբանե ֆարս է եղել, և ես դրա մասին իրենց դեմքին՝ այդ ինը դատավորների դեմքին ասացի՝ «որ դուք այստեղ ճշմարտության փնտրտուքով չեք զբաղվում, որովհետև դուք ճշմարտությունը գիտեք, դուք ուրիշ բան եք անում՝ դուք այսօր փորձում եք հնարավորինս լավ պաշտպանել Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության կողմից իրականացված ընտրակեղծարարությունը»։ Շատ բնական է, որ երբ ես բոլոր մեր նպատակներն իրականացված եմ համարել դատարանում, այլևս նորից այդ ֆարսին մասնակցելու որևէ ցանկություն չունեմ»։

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը ապրիլի 28-ին մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով ընդդիմադիր դաշինքը պահանջում էր անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը:

ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, ասված էր․ - «Ընդհանուր հետևությունն այն է, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձվել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք ներկայացվելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հիմք կարող էին ծառայել ՀՀ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի այլ կետով որոշում կայացնելու համար»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ այն տեսակետները, որոնք դաշինքը ներկայացրել էր դատարան մերկապարանոց էին։

«Այն տեսակետները, որոնք ներկայացնում էին վերջիններս մերկապարոնց էին, փորձեմ հստակեցնել՝ ինչ նկատի ունեի մերկապարանոց ասելով՝ մենք գտնվում ենք դատարանում, գործի քննության ընթացքում, իրավունքի տարրական պահանջն է, որ երբ դատարանում կողմը ներկայացնում է որոշակի իրավական դիրքորոշում, պետք է ներկայացնի առաջին՝ իրավական հիմնավորումներ և վկայակոչի բնականաբար փաստեր։ Եթե թերևս իրավական հիմնավորումներ փորձ էր կատարվում տեղում ինչ-որ ձևերով ստեղծել, մեկնաբանել, տարբեր նորմեր շատ հաճախ մենք տեսնում էինք, թե ինչպես են յուրովի մեկնաբանության ենթարկվում, բայց ինչ վերաբերվում է փաստական հիմքին, համենայն դեպս, երբ խոսքը վերաբերում էր ասվածը հիմնավորելու համար ապացույցներ վկայակոչելուն, այստեղ իհարկե տիրում էր ձայն բարբառո հանապատի։ Եվ դա բնական էր, հավանաբար, որովհետև մենք ներկայացրեցինք, թե որքան սուբյեկտներ էին ընդգրկված ընտրական գործընթացում և քանիսն էին դրանցից հանդիսանում դիմողի վստահված անձինք, քանիսն էին հանդիսանում Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության կողմից նշանակված վստահված անձինք։ Այդ մի քանի հազար անձանց անունից որևէ փաստաթուղթ, որևէ դիմում, որևէ բողոք, որևէ գրագրություն այդ ներկայացված փաստաթղթերի տրցակում ընդհանրապես գոյություն չուներ», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Զուրաբյանը։

Հաղորդաշարի ապրիլի 30-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG