Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը լրագրողներից խնդրեց իր մրցակիցների նախընտրական ծրագրերը, ցանկանում է կարդալ


Երևան, ավագանու ընտրությունների քարոզարշավ, 29-ը ապրիլի, 2017 թ․
Երևան, ավագանու ընտրությունների քարոզարշավ, 29-ը ապրիլի, 2017 թ․

Մայրաքաղաքի ավագանու ընտրությունների մասնակից 3 ուժերն այսօր քարոզարշավ արեցին Երևանի տարբեր վարչական շրջաններում:

Այսօր Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավն առաջինը սկսեց «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման էին եկել ավագանու թեկնածուները՝ բերելով կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ողջույնը։ Քաղաքապետի միակ կին թեկնածուն այսօրվա քարոզչությանը չէր մասնակցում։

«Եկել ենք, որ պայքարենք անարդարության ու կոռուպցիայի դեմ»,- դավթաշենցիներին ասում էին նորաստեղծ կուսակցության անդամները։ Քաղաքացիներից ոմանք վերցնում էին նախընտրական բուկլետները, ոմանք էլ հրաժարվում։ Երկրպագուներից մեկն անգամ համբուրեց բուկլետը․ «Իրան սիրում եմ, հարգում եմ»:

Թաղային այգում թղթախաղով զբաղված տղամարդիկ ևս վերցրեցին կուսակցության նախընտրական ծրագիրն ու դրեցին մի կողմ։ Ինչու՞ չեք ընթերցում, այս հարցին, պատասխանեցին․ «Հիմա զբաղված ենք, վերջացնենք, անպայման կընթերցենք»: «Զարուհի Փոստանջյանին եմ ընտրելու», «ծրագրի բոլոր կետերն էլ դուր ա եկել»,- նաև ասացին թուղթ խաղացող մարդիկ:

Այգում, սակայն, ոչ բոլորի ընտրությունն էր կանգ առել «Երկիր Ծիրանիի» վրա։ Տարոն Մարգարյանի կողմնակիցների և ավագանու ընդդիմադիր թեկնածուների միջև փոքրիկ վիճաբանություն եղավ։ «Ես չեմ ճանաչում, ո՞վ ա», «Բայց նոր դժգոհում էիր չէ՞, հնից»:

Ցերեկվա ժամերին Երևանի Հարավ արևմտյան թաղամասի բակերում էլ հնչեց արդեն հայտնի դարձած արտահայտությունը։ Պատշգամբից նայող բանգլադեշցիներին դիմելով, «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մայիսի 14-ին հնարավորություն ունեք «փոխարինելու կոռումպացված իշխանությունը, ժողովրդի իշխանությամբ: Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան վերելակներից ելք կա»:

«Ելք կա» բացականչելով՝ Փաշինյանը կրկին բարձրացավ ավտոտնակների տանիքների վրա ու հայտարարեց՝ այս բակերում երեխաների համար նախատեսված խաղահրապարակ չկա։ Խնդիրները մեկը չեն, երկուսը չեն, դեռ խորհրդարանական քարոզարշավի ընթացքում է հասկացել, որ անբարեկարգ բակերը Մալաթիա- Սեբաստիայում շատ են։ «Տարածքներն ավտոտնակների տակ են, երեխաները խաղահրապարակ չունեն, դա խնդիր է»,- լրագրողներին ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, համար 2-րդ քվեաթերթիկն է երևանցու լավ ապագայի հույսը:

Այստեղ որոշ բնակիչներ արդեն կողմնորոշվել էին իրենց ընտրության հարցում։ «Պարզ չի՞, «Ելք»-ին եմ տալու ձայնս, որովհետև կառավարությունից ոչ մի լավ բան չենք սպասում»,- ասաց նրանցից մեկը:

Ժամանակին մայրաքաղաքի թոքերը համարվող Հին Նորքի բնակիչների հետ էլ արդեն երեկոյան հանդիպեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը։ Նա և իր թիմի ներկայացուցիչները նախ խոսեցին արված աշխատանքի մասին, ապա ներկայացրեցին կիսատ մնացած ծրագրերը։ Խնդրեցին՝ «մայիսի 14-ին մեզ վստահեք ձեր քվեն, որ սկսածն ավարտին հասցնենք»։

«Մեր Երևան քաղաքաը դեռ շատ զարգանալու տեղ ունի, և մենք միասին պետք է մեր քաղաքը, մեր մեծ տունը կառուցենք և զարգացնանք»,- դիմելով Նորքի բնակիչներին, ասաց Մարգարյանը: Նորքեցիներն էլ շտապեցին գործող քաղաքապետին ներկայացնել իրենց խնդիրները․ «Հուսով եմ, տրանսպորտի հարցում հուսախաբ չեք անի, գոնե աշխատանքից հետո տուն վերադառնանք»:

«Ազատությունը» Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք համաձայն է իր մրցակից Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե «հուսահատության գազելներից ելք կա»։ Ի պատասխան, Մարգարյանն ասաց․ «2 տարի առաջ էլ թող դժգոհեին, 5 տարի առաջ էլ թող դժգոհեին, տրանսպորտի՞ց խի են հիմա․․․ համարում են դա թիրա՞խ: Մենք 4 տարի առաջ բարձրաձայնել էինք, որ մենք ունենալու ենք այս ոլորտում ճգնաժամ, հարգելիներս, եկեք միասին լուծենք, բայց մեր ընդդիմախոսներն ընդամենը մեզ քննադատում էին, որ մենք վախեցնում ենք, մենք արհեստական ճգնաժամ ենք ստեղծում»:

Տարոն Մարգարյանն ասում է, որ ծրագրերը ներկայացված են, ժողովուրդն էլ կորոշի, թե ում վստահի։ Խոստովանում է՝ իր մրցակիցների նախընտրական ծրագրերը չի կարդացել, քանի որ «չի գտել»։ «Ես ուզում եմ կարդալ իրենց ծրագիրը, ինձ շատ հետաքրքիր է: Մեր քաղաքացիներից եմ ուզել և մեր լրատվամիջոցներից, ոնց որ հիմա ձեզանից եմ ուզում»,- ասաց Մարգարյանը:

Նա «Ազատությանը» խնդրեց հնարավորության դեպքում հաջորդ անգամ մրցակիցների ծրագրերն իրեն փոխանցել։ Վստահեցրեց՝ իր թիմը փնտրել է ու չի գտել դրանք նաև համացանցում: «Միգուցե լրագրողնե՞րը գտնեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG