Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների վճռաբեկ բողոքը


Գյումրիում սպանված Ավետիսյանների լուսանկարները, արխիվ

Տուժողների իրավահաջորդները պատրաստվում են դիմել Եվրադատարան:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ա. Սաքունցի, Ա. Զալյանի և Ա. Կիվիրյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր այդ բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը: Ըստ դրա, Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ Ա. Պողոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Ա. Զալյանը խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Տուժողների իրավահաջորդներ Լ. Ավետիսյանի, Ա. Կոշտոյանի, Ա. Պողոսյանի, Ն. Պողոսյանի ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքով խնդրվում էր մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության` տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության (ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին) քննելու համար:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Զալյանն ու Արթուր Սաքունցը համարում են, որ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, հետևաբար՝ հանցագործությունը բացահայտված չէ:

«Բազմաթիվ հարցեր կան, որոնք վերաբերում են ռուսական բազայի հրամանատարությանը, նրանց պատասխանատվության ոլորտում են: Կային բազմաթիվ, այդ թվում՝ ընթացակարգային խախտումներ: Դրանց հիման վրա մենք պնդում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը չի բացահայտվել: Ավելին՝ գտնում ենք, որ Պերմյակովից բացի, գործում կան նաև այլ մեղավորներ, որոնք չբացահայտվեցին քննչական և դատական մարմինների ոչ համարժեք մոտեցման պատճառով»,- «Ազատությանն» ասաց Արթուր Սաքունցը:

Գործը բեկանելու և առաջին ատյանի դատարան ուղարկելու վճռաբեկ բողոք էր ներկայացրել էր նաև տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Արամազդ Կիվիրյանը: Նրա բողոքը վերաբերում էր քաղաքացիական հայցին, որով տուժողի իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ այն պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում նշված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

«Ընդհանուր առմամբ և՛ առաջին ատյանի դատարանը, և՛ հետագայում վերաքննիչ դատարանը պատճառաբանել էին, որ Քրեական դատավարության օրենսգրքում անձը զրկված է նման պահանջ ներկայացնելու իրավունքից: Դա, իմ կարծիքով, հակասում է սահմանդրական մի շարք նորմերի»,- «Ազատությանն» ասաց Կիվիրյանը:

Տուժողի իրավահաջորդները պատրաստվում են դիմել Եվրադատարան: Այս պահին դեռ հստակություն չկա նաև հարցում՝ որտեղ է սպանության համար դատապարտված Պերմյակովը կրելու պատիժը՝ ՌԴ-ու՞մ, թե Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG