Մատչելիության հղումներ

ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը


Գագիկ Հարությունյանը հրապարակում է Սահմանադրական դատարանի որոշումը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պահանջը Սահմանադրական դատարանը չբավարարեց․ երեք օր քննելով և խորդրդակցական սենյակում մոտ երեք ժամ անցկացնելով՝ ուժի մեջ թողեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը:

Խորհրդարան անցած չորս ուժերից Հանրապետական կուսակցությունը, այդ որոշման համաձայն, ստացել է 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31,«Ելք»-ը՝ 9, և ՀՅԴ-ն 7 մանդատ։

Որոշումն ընթերցեց ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ այն սկսելով «Հանուն Հայաստանի Հանրապետության» բառերով․ - «ՀՀ Սահմանադրական դատարան դիմած կուսակցությունների դաշինքի անդամ «Հայ ազգային կոնգրեսի» կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 94 տոկոսում նշանակված բոլոր անդամները, առանց բացառության, ստորագրել են քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր արձանագրությունները՝ ըստ էության վավերացնելով այդ տեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիությունը: Նման իրավիճակներում Սահմանադրական դատարանում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»:

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը ՍԴ-ի այսօրվա որոշումից ակնհայտորեն գոհ էր․ - «Ընտրությունների որակը, որը ապահովվեց, ես կարծում եմ, որ այս որոշման մեջ լիարժեք ծավալով արտացոլվեց»:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները չմասնակցեցին որոշման ընթերցմանը, իսկ Լևոն Զուրաբյանն իր եզրափակիչ ելույթից հետո ընդհանրապես լքեց դատարանի դահլիճը: Նա վստահ էր, որ ՍԴ-ն չի բավարարի ընտրությունների արդյունքներին վերաբերող ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու իրենց պահանջը․ - «Խնդիրը, սակայն, չի լինելու ապացույցների անբավարարության մեջ․ ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտության փնտրտուքը, քանի որ դուք այն գիտեք: Դուք այստեղ իրականում միայն մեկ գործ եք անում՝ ինչքան հնարավոր է ավելի լավ պաշտպանել Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի իշխանությունը և նրա կողմից կազմակերպված ընտրակեղծարարությունը: Ես չեմ կարծում, որ այսօր ճշմարտությունը կհաղթանակի, բայց մի օր դա ազգովի անելու ենք: Ես այս ֆարսին էլ մասնակցելու որևէ ցանկություն չունեմ»:

«ՀՀԿ-ն տարիներ շարունակ օգտագործում է վարչական ռեսուրսը, ընտրողների վրա ճնշումներ են բանեցնում իշխանության հետ սերտաճած մասնավոր ընկերությունների սեփականատերերը», - իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Զուրաբյանը: - «Այդ ամենի մասին գիտեն բոլորը, բացի այն հաստատություններից, ում գլխավոր առաքելությունը ընտրությունների օրինականության վերահսկողությունն է՝ ԿԸՀ-ից, դատախազությունից ու ոստիկանությունից»:

Դաշինքի ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանն իր եզրափակիչ խոսքում հայտարարեց՝ Հանրապետական կուսակցությունը վերահսկում է իշխանության բոլոր՝ օրենսդիր, գործադիր, դատական ճյուղերը: Նա հիշեցրեց, որ կուսակցության ղեկավարը նախագահի լայն լիազորություններ ունեցող Սերժ Սարգսյանն է․ - «Գոյություն ունեն x, y, z ապացույցները, որոնք հնարավորություն կտան Սահմանադրական դատարանին խորությամբ ուսումնասիրել վեճը և կայացնել համապատասխան որոշում: X ապացույցը տալու է Հանրապետական կուսակցությունը, y ապացույցը կստանաք Հանրապետական կուսակցությունից, z ապացույցը ձեզ կշնորհի Հանրապետական կուսակցությունը: Միայն այն փաստը, որ 20 տարի որևէ դիմող առավելագույն ջանքերի գործադրմամբ երբեք չի կարողացել այդ ստանդարտի ձեր պահանջած նույնիսկ նվազագույնը բավարարել, առնվազն պիտի այս դատարանին հուշի, որ դա եղել է առնվազն չափազանց բարձր ստանդարտ և բեռ՝ դրված դիմողների նկատմամբ»:

Գրիգորյանը դատարանին զգուշացրեց․ - «Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները: Կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը»:

Գագիկ Հարությունյանը Վահե Գրիգորյանի ելույթը որոշեց անարձագանք չթողնել․ - «Կարող եք դարձնել հոդված, մենք սիրով կտպագրենք Սահմանադրական դատարանի տեղեկագրում»:

ԿԸՀ-ի գնահատականով՝ ԱԺ ընտրությունները անթերի չէին, բայց ժողովրդավարական էին: Տիգրան Մուկուչյանի կարծիքով, դիմողը իր մոտեցումներից բացի, հաստատված որևէ ապացույց չներկայացրեց դատարանում:

Մուկուչյանը հարկ համարեց պատասխանել նաև Հանրապետականի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին ընդդիմադիրների պնդումներին․ - «Ինչպես էր կազմվում, օրինակ, բժշկական հաստատություններից մեկի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ընտրողների ցուցակը: Երբ այդ ցուցակը սկսել էին կազմել 1180 հոգուց, կազմվում էր դիմողի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, որովհետև, ըստ էության, թեկնածուն նաև այդ կազմակերպության ղեկավարն էր: Բավականին մեծ ռեսուրսի կիրառման արդյունքում հնարավոր եղավ այդ ցուցակը դարձնել 421»:

ՍԴ-ի արսօրվա որոշման մեջ նաև մի քանի դիտարկումներ կային: «Վարչական ռեսուրսի մասին տարատեսակ հայեցողական մոտեցումներից խուսափելու համար», - ասաց Գագիկ Հարությունյանը, - «Սահմանադրական դատարանը կարևորում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մոտեցումները հիմք ընդունելը: Իրավական կարգավորումները պետք է հստակ նորմեր նախատեսեն այն մասին, թե ինչպես և երբ կարող է քարոզչություն իրականացվել, ինչպես նաև ընտրություններին մասնակցող որոշակի պաշտոնատար անձանց լիազորությունների կասեցման կամ հրաժարականի ներկայացման հնարավորություն նախատեսելը»:

Հարությունյանի փոխանցմամբ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ իշխանության առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնել են միջազգային ու տեղական դիտորդները մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսևորումների առնչությամբ:

Ընտրություններից հետո խոսելով ընտրակաշառքի դեպքերի մասին՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հիշեցնեմ, ասել էր, թե Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը:

«Ընդհուպ եվրոպական փորձագետների և պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարական զարգացումներին և երկրի ազգային անվտանգության սպառնալիք է: Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության և երկրի իրավական անվտանգության ամրապնդման օրակարգային առաջնահերթություն պետք է դիտվի: Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի ու ընտրակարգի հետագա բարեփոխումների ճանապարհով, որով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի հնարավոր դրսևորման իրավական ռիսկերը»:

Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո պաշտոնյաններն արդեն խոսում են նոր խորհրդարանի առաջին նիստի մասին: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, այն տեղի կունենա մայիսի 18-ին:

Հայաստանի ՍԴ-ում հաջողության չհասած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն, Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG