Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը


Գագիկ Հարությունյանը հրապարակում է Սահմանադրական դատարանի որոշումը, Երևան, 28-ը ապրիլի, 2017թ․
Գագիկ Հարությունյանը հրապարակում է Սահմանադրական դատարանի որոշումը, Երևան, 28-ը ապրիլի, 2017թ․

Սահմանադրական դատարանը այսօր մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով ընդդիմադիր դաշինքը պահանջում էր անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը:

ՍԴ որոշման մեջ, որ հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, ասված է․ - «Ընդհանուր հետևությունն այն է, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձվել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք ներկայացվելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հիմք կարող էին ծառայել ՀՀ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի այլ կետով որոշում կայացնելու համար»:

Ելնելով գործի քննության արդյունքներից` Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է․ - «Առաջին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 163ա որոշումը թողնել ուժի մեջ; երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Առավոտյան՝ մինչև որոշման հրապարակումը, կողմերը հանդես եկան ամփոփիչ ելույթներով:

Պատասխանող կողմը՝ ի դեմս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Տիգրան Մուկուչյանի, շարունակում էր պնդել, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչներն ընտրախախտումների հստակ ապացույցներ չեն ներկայացրել:

«Դիմող կողմը իր դիրքորոշումները ներկայացնելու ժամանակ կոնկրետ հանգամանքներին անդրադառնալու փոխարեն ավելի շատ քննարկման առարկա դարձրեց օրենսգրքի դրույթների ընկալման, մեկնաբանման հիմնահարցերը, դրանց վերաբերյալ տարաբնույթ տեսական հիմախնդիրներ բարձրացնելը, շարադրեց իր մոտեցումները՝ բարձր դատարանին չներկայացնելով հաստատված որևէ ապացույց», - ասաց Մուկուչյանը:

«Ներկայացվածը հիմնականում իրավական հիմքերից զուրկ դատողություններ էին: Դատաքննության ընթացքն ակնհայտորեն վկայում է դիմումում ներկայացված դատողությունների սնանկությունը, այդ դատողությունները չէին պարունակում փաստարկված ապացույցներ, ներկայացված իբր թե ապացուցող փաստարկները կամ հավելվածները, մեղմ ասած, իրենցից որևէ իրավական արժեք չէին ներկայացնում», - պնդեց ԿԸՀ նախագահը:

Դիմող կողմի փաստաբաններից Վահե Գրիգորյանը, հակառակը, պնդում էր, որ Սահմանադրական դատարանն այն միակ մարմինն է մնացել Հայաստանում, որն ի վիճակի է լուծել քաղաքական և իրավական դաշտում ստեղծված այս կացությունը, որն իրավաբանը բնութագրեց որպես «սահմանադրական ճգնաժամ»:

«Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները: Կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ սպասելու եք, որ նա, վերակենդանացած, ձեզ ցույց տա այդ տեղը: Էսօր արդեն, է՛ս պահի դրությամբ, է՛ս դատարանում, բացարձակ կեղծիք կլինի որևէ մեկի կողմից, որևէ նման վստահորդ ներկայացնող, որպեսզի չբարձրաձայնեն էս հարցը: Էս հարցերի մասին գիտի յուրաքանչյուր տաքսիստ էս երկրում, էս հարցերի մասին խոսում է յուրաքանչյուր քաղաքացի», - հայտարարեց Գրիգորյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մյուս մարմինները դեռ շատ տևական ժամանակ անկախության բացակայությունից տուժելու են: Այս ատյանը դեռ ունի էդ հնարավորությունը՝ կա՛մ այս ատյանը դառնալու է էդ սկզբունքների, դոկտրինների և լուծումների գտնման հիմնական ասպարեզը, կա՛մ այն շարունակելու է դեռ տարիներ շարունակ մնալ քվեախցերի կահավորման օրինականության վերաբերյալ վեճեր քննող դատարան», - շեշտեց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG