Մատչելիության հղումներ

Իշխանափոխությունը՝ Երևանից․ Զարուհի Փոստանջյան


Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջանը վստահ է՝ գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանը իր հարստությունը ձեռք է բերել քաղաքի բյուջեի հաշվին։

«Հիմնահատակ պետք է ամբողջ քաղաքականությունը փոխել: Եթե քաղաքականությունը չփոխվի, ապա նույնիսկ բյուջեն եթե մեր կազմեր 3 միլիարդ դոլար, ապա նույն այդ 3 միլիարդ դոլարը ավելի մեծ ախորժակով կյուրացվեր: Էստեղ խնդիրը նրանում է, թե ինչպիսի դու քաղաքականություն ես վարում՝ դադարեցնելո՞ւ ես գողությունը, խարդախությունը, յուրացումը, թե՞՝ ոչ: Եթե չես դադարեցնելու, կապ չունի՝ քո բյուջեն որքան գումար է կազմում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

«Այսինքն, սա Ձեր պատասխանն է իշխանություններից եկող այն հակափաստարկին, թե «մեծ-մեծ խոստումներ են տալիս, բայց դրա համար փող չկա», - այս դիտարկմանը Փոստանջյանը արձագանքեց․ - «Մենք խոստումներ չենք տալիս, մենք ասում ենք, որ մենք չենք գողանալու, մենք չենք յուրացնելու, մենք չենք վատնելու: Մեր խոստումը հետևյալն է՝ խոսելու ենք քաղաքացիների հետ, բոլոր պաշտոնյաների հետ իրավունքի գերակայության և օրենքի լեզվով, հաշվետու ենք լինելու ծախսված բոլոր գումարների վերաբերյալ, մեր քաղաքային բնակչությունը պետք է իմանա, թե իր հանրային գումարները և բյուջեն ինչպիսի գործողությունների համար է տրամադրված եղել, և ինչ է նա ծախսել»:

Հարցին էլ՝ «Դուք ասել եք, որ այս համատեքստում եք տեսնում Տարոն Մարգարյանի կուտակած ունեցվածքը, մասնավորապես ի՞նչ նկատի ունեք», նա պատասխանեց․ - «Բյուջեն, իհարկե, յուրացվում է, եթե չյուրացվեր, ապա շատ հարցերին լուծումներ կտրամադրվեին: Այդպիսի հարստություն և կարողություն դու չէիր կարող ձեռք բերեիր, եթե դու չես զբաղվել գողությամբ, ապօրինությամբ և խարդախությամբ: Եվ մենք պարտավոր ենք սկսել Երևանից և մաքրենք Հանրապետականին գոնե այս պահին Երևանից սկսելով, որը պետք է նաև տրանսֆորմացվի ողջ հանրապետության վրա՝ բոլոր քաղաքները, և այնտեղ նույնպես պետք է տեղի ունենա իշխանափոխություն»:

Պնդումներին, թե իրենք «քաղաքային հարցը քաղաքական են դարձրել և ՀՀԿ-ի անունն են տալիս», ընդդիմադիր գործիչը հակադարձեց․ - «Բայց մենք մրցում ենք կուսակցություններով, և սա քաղաքական մրցապայքար է, և դա է նախատեսվում նաև օրենքով, և այս պահին մրցում են երեք քաղաքական միավորներ, հետևաբար՝ ո՞ւմ անունը պետք է տանք: Հանրապետական կուսակցությունն է առաջադրել Տարոն Մարգարյանին, և նրանց անունն էլ մենք տալիս ենք, և մեր թիրախն էլ հենց Հանրապետական կուսակցությունն է, և մենք խնդիր ունենք առաջին հերթին նաև Հանրապետականին հեռացնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG