Մատչելիության հղումներ

Հանրապետականն ու Դաշնակցությունը համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Տեսանելի ապագայում Հայաստանի հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու ՀՅ Դաշնակցությունը (ՀՅԴ) կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: Այդ մասին հինգշաբթի երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ներքին քաղաքականության մասին մեկ կարևոր հայտարարություն ունեմ: Նախորդ նիստից հետո ես նշեցի, որ շատ հավանական է Հանրապետական կուսակցություն և Հայ հեղափոխական դաշնակցություն համագործակցությունը: Քննարկումները արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են, և պետք է նշեմ, որ տեսանելի ապագայում Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու ՀՅ Դաշնակցությունը կստորագրեն նոր համագործակցության փաստաթուղթ: Դա կլինի տեսանելի ապագայում», - ասաց նա:

Շարմազանովի խոսքով, դաշնակցականների հետ ընդհանուր հարցերում եկել են համաձայնության: Նա չնշեց, թե քանի նախարարական պորտֆել բաժին կհասնի ՀՅԴ-ին, փոխարենն ընդգծեց, որ իրենց համար էականը ծրագրային տեսլականի համահունչ լինելն է:

«Մեզ համար ամենակարևոր հարցերը՝ դա բովանդակային, համակարգային, ծրագրային ռազմավարության մշակումն է, որը մենք ունենք ՀՅ Դաշնակցության հետ և տեսանելի ապագայում կստորագրենք, իսկ բոլոր արդեն հարցերը նախարարական պորտֆելների՝ քանի հատ են, ոնց են, Ազգային ժողովի հանձնաժողովների և այլ պաշտոնների, չենք քննարկել․ օրը կգա՝ բարին՝ հետը», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Հարցին՝ լինելո՞ւ է արդյոք փոփոխություն երկու կուսակցությունների միջև համագործակցության մասին փաստաթղթում, թե՞ այն ուղղակի նորից է ստորագրվելու, Շարմազանովը արձագանքեց․ - «Փաստաթուղթը հենց կլինի՝ կհրապարակենք, կտեսնեք: Ես այսօր բովանդակությունից չխոսեցի: Ես այսօր խոսեցի փաստաթղթից և ասեցի, որ հիմնականում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա համագործակցությունը, և տեսանելի ապագայում Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը կստորագրեն համագործակցության փաստաթուղթ: Ինչպիսի տեսք կունենա այդ փաստաթուղթը, ինչ բովանդակությամբ՝ կհրապարակենք, կտեսնեք»:

«Որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ի՞նչ եք կարծում, հիմա՞ էլ պետք է Դաշնակցության հետ կիսեք նախարարական երեք պորտֆելները», - «Ազատության» այս հարցին էլ ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Ես ասեցի՝ մեզ համար էականը մի քանի պորտֆել ավել կամ պակասը չի, մեզ համար էականը ծրագրային տեսլականի համահունչ լինելն է, պետության, հասարակության, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներում ընդհանուր տեսլական ունենալն է և քաղաքական կամքը՝ անշեղորեն գնալ այդ բարեփոխումների ճանապարհով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG