Մատչելիության հղումներ

Freedom House-ի մամուլի ազատության 2017-ի զեկույց. Հայաստանը` վերստին «ոչ ազատ»


Freedom House-ը հրապարակել է 2017 թվականի մամուլի ազատության զեկույցը

Ամբողջ աշխարհում մամուլի ազատության նահանջ է:

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «2017 թվականի մամուլի ազատության զեկույցը», որի համաձայն՝ Հայաստանը 63 միավորով աշխարհում զբաղեցում է 137-րդ տեղը և մնում «ոչ ազատ» երկրների ցանկում: Տարածաշրջանում Հայաստանը 4-րդ տեղում է:

Այսօր առավոտյան հրապարակված այդ փաստաթղթում հիշատակվում են նաև կազմակերպության երկու այլ զեկույցներում Հայաստանի ցուցանիշները:

Ըստ «2017 թվականի ազատությունն աշխարհում զեկույցի»՝ Հայաստանը «մասամբ ազատ» է, իսկ «2017 թվականի համացանցի ազատության զեկույցով» հռչակվել է «ազատ»:

Մամուլի ազատության առումով «մասամբ ազատ» են Խորվաթիան, Չեռնոգորիան, Կոսովոն և նույնիսկ Աֆղանստանը, «մասամբ ազատ» է հարևան Վրաստանը, որը 102-րդ տեղն է գրավել:

«Ոչ ազատ» է հարևան Թուրքիան, որը 163-րդն է, Իրանը և Ադրբեջանը Հայաստանի համեմատությամբ շատ ավելի անմխիթար վիճակում են և միասին գրավել են 190-րդ տեղը, ընդ որում՝ դա արդեն «վատթարագույն երկրների» ցուցակն է, որտեղ գտնվում են Ուզբեկստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան և Սիրիան: Հայաստանի հիմնական դաշնակից Ռուսաստանը 174-րդ տեղում է:

Այսօրվա զեկույցում ասվում է, որ աշխարհում մամուլը ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել անցած 13 տարում:

2016 թվականին տեղի են ունեցել աղաղակող հարձակումներ լրագրողների և լրատվամիջոցների վրա ոչ միայն ավտորիտար, այլև դեմոկրատական պետություններում:

«Քաղաքական լիդերները մեծ թվով դեմոկրատական երկրներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լեհաստանում, Ֆիլիպիններում և Հարավային Աֆրիկայում, սպառնալիքներ են հնչեցրել անկախ մամուլի հասցեին և, փաստորեն, մերժել ազատ հասարակարգում վերահսկող դեր կատարելու մամուլի առաքելությունը», - ասել է Freedom House-ի մամուլի ազատության հարցերով բաժնի տնօրեն Ջենիֆեր Դանհամը:

«Երբ Միացյալ Նահանգների պես երկրում են քաղաքական գործիչները գրոհի ենթարկում մամուլը, դա մնացած պետություններին դրդում է նույնն անել, լրագրողների և լրատվամիջոցների վրա ԱՄՆ-ում սուր հարձակումները խարխլում են մեր դեմոկրատիայի հիմքերը և վնաս հասցնում մամուլի ազատության օրինակ ծառայելու Ամերիկայի համբավին»,- ասել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը:

Ամերիկան ցանկում 33-րդ տեղում է, իսկ մամուլի ազատության առումով աշխարհում առաջատարների տասնյակում ավանդաբար տեղավորվել են եվրոպական զարգացած պետությունները՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG