Եվրոպական խորհրդարանում ներկայացված բոլոր առաջատար քաղաքական ուժերը համակարծիք են` Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն: Միմյանց հաջոդող այս կարծիքները Բրյուսելում հնչում էին երեկ երեկոյան` Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, որի օրակարգային թեմաներից մեկը ապրիլի 16-ին կայացած հանրաքվեից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակն էր:
«Այն պահին երբ սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ մտնեն, Թուրքիան էլ ավելի է հեռանալու եվրոպական չափանիշներից: Խոսքը, նախևառաջ, իշխանության թևերի տարանջատման և դատական համակարգի անկախության մասին է»,- դիմելով եվրոպացի խորհրդարանականներին, հայտարարել է Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցության` Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն անհամամետ ավելի կոշտ էին իրենց գնահատականներում: Խմբակցության ղեկավար՝ գերմանացի Մանֆրեդ Վեբերն, օրինակ, պնդում էր, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների շուրջ խոսակցություններն իրականում «ինքնախաբեություն են»:
«Տեսողության հետ խնդիրներ չունեցող յուրաքանչյուր ոք հասկանում է, որ եկել է Թուրքիայի հետ հարաբերությունները վերագնահատելու, հանձնակատար Հանի կողմից այստեղ բարձրացված հարցերին պատասխանելու ժամանակը: Եվրոպայի Ժողովրդական կուսակցության համար Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանն այլևս իրատեսական չէ: Երեսպաշտության ցանկացած դրսևորման հարկավոր է վերջ տալ», - հայտարարել է Վեբերը:
Եվրախորհրդարանում ներկայացված ազատականները ևս համոզված են` ժամանակն է փոխել Թուրքիա-Եվրամիություն համագործակցության ողջ ձևաչափը: Այս մասին հայտարարեց Եվրախորհրդարանում Լիբերալների և դեմոկրատների դաշինքի ղեկավար՝ Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադը, ում համոզմամբ, Բրյուսելը պետք է պարզապես իրավաբանորեն ամրագրի բանակցային գործընթացում ստեղծված դե-ֆակտո կացությունը:
«Այժմ շատ կարևոր է, որպեսզի մենք համագործակցության նոր ձևեր գտնենք, նոր առաջարկ անենք Թուրքիային: Իմ համոզմամբ, Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները հարկավոր է դադարեցնել: Փաստական առումով՝ այդ գործընթացն արդեն իսկ սառեցված է: Ֆորմալ առումով, Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցված չեն, բայց, փաստորեն, սառեցվել են»,- հայտարարել է Վերհոֆստադը:
Եվրախորհրդարանում երեկ ծավալված քննարկումների շրջանակում հատկապես ուշագրավ էին Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու օգտին ավանդաբար հանդես եկող քաղաքական խմբերի անդամների շրջանում առկա տրամադրությւոններնը: Այս առումով՝ խոսուն էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ Սայեդ Քամալի ելույթը, որն իր գործընկերներին կոչ էր անում սին հույսեր չառաջացնել Անկարայում:
«Նախևառաջ, մենք պետք է Թուրքիայի հետ ազնիվ լինենք և ասենք, որ այդ երկիրը կարող է երբեք Եվրամիության անդամ չդառնալ: Մտահոգությունները չափազանց շատ են․ մահմեդական մեծամասնություն ունեցող պետության հանդեպ առկա կանխակալ տրամադրություններ, հանգամանքը, որ երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Ասիայում, միլիոնավոր թուրքերին Եվրամիության տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունք շնորհելը, ԵՄ կառույցներում Թուրքիայի ծանրակշիռ դերակատարությունը, ինչպես նաև այն իրողությունը, որ Թուրքիայի անդամակցության դեպքում Եվրամիության արտաքին սահմանները կհասնեն Իրան, Իրաք և Սիրիա»,- հայտարարում էր բրիտանացի պատգամավորը:
Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի զեկուցող, Նիդերլանդները ներկայացնող ձախ պատգամավոր Կատի Փիրին երեկվա բանավեճի մանակիցներից թերևս միակն էր, ով կոչ էր անում՝ մտածել այն քայլերի մասին, որոնք հետևելու են Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերջնական դադարեցմանը:
«Եթե անգամ բանակցությունները դադարեցվեն, միևնույն է՝ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները շարունակելու են փոխշահավետ բնույթ կրել: Թուրքիայի հետ համագործակցությունը կարող է շարունակվել այն ոլորտներում, որոնցում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը որևէ նշանակություն չունեն: Այդ նպատակով Եվրամիության տնտեսական կարողությունները կարող են որպես լծակ օգտագործվել` Թուրքիայում բարեփոխումները խթանելու նպատակով»,- հայտարարել է Փիրին: