Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում


Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր չէ վերանայել իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցում, որը համարում է ժամանակակից շրջանի ամենավատթարագույն դաժանություններից մեկը, այսօր լրագրողներին ասել է Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:

Նա նշել է, որ «Թուրքիայի բացասական արձագանքը նախագահին չի զարմացրել՝ այն սպասելի էր»:

Թուրքիայի արտգործնախարարությունը կոշտ հայտարարությամբ արձագանքել է Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև Չեխիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդին Միլոշ Զեմանի հղած նամակին:

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Չեխիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Պատգամավորների խորհրդում ապրիլի 25-ին ընդունված բանաձևը: Մենք նաև հիասթափված ենք նախագահ Զեմանի նամակից, որն ապրիլի 24-ին հղվել է իր երկրի հայ համայնքին՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ, որովհետև այն լուրջ անհամապատասխանություններ է պարունակում», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության կայքում տեղադրված հայտարարությունում:

Թուրքիայի արտաքին գերատեսչության մեկնությամբ՝ Զեմանը իր նամակում նշել է, որ պատմությունը չպետք է մեկնաբանվի քաղաքական գործիչների կողմից, այն պետք է վերլուծեն ու մեկնաբանեն պատմաբանները, «սակայն նախագահը հակասում է իր սեփական խոսքերին՝ քաղաքական գնահատականներ տալով 1915-ի իրադարձություններին»:

Նշենք, որ Թուրքիան Պրահայից հետ չի կանչում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով, ինչը սովորաբար վերջին տարիներին տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը ճանաչած այլ երկրների դեպքում:

Անկարան իր դիրքորոշումը ներկայացրել է Թուրքիայում Չեխիայի դեսպանին: «Քաղաքական բնույթի այս գործողությունների դեմ, որոնք բացահայտ հակասում են պատմական փաստերին, ինչպես նաև օրենքի հիմնարար դրույթներին, մեր դիրքորոշումը փոխանցվել է Անկարայում Չեխիայի դեսպանին», - նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն բանաձև է ընդունել, որը ի թիվս մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների ճանաչում և դատապարտում է հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

Իսկ Չեխիայի նախագահը հայ համայնքի հոգևոր առաջնորդին հղած իր նամակում մասնավորապես նշել է. - «Չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք մեկևկես միլիոն անմեղ մարդկանց կյանք խլեցին և պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG