Մատչելիության հղումներ

Սարկոզին, Օլանդի կուսակիցները պատրաստ են քվեարկել Էմանյուել Մակրոնի օգտին


Էմանյուել Մակրոն, արխիվ
Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 10 օր առաջ ընտրարշավի առաջատարը` կենտրոնամետ թեկնածու Էմանյուել Մակրոնը շարունակում է աջակցություն ստանալ քաղաքական դաշտի մյուս հատվածներից ևս:

Երեկ Մակրոնին իր աջակցության մասին հայտնեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: «Մայիսի 7-ին ես քվեարկելու եմ Էմանյուել Մակրոնի օգտին, քանի որ նրա մրցակիցն է Մարին Լը Պենը: Իմ այս որոշումը, սակայն, չի նշանակում, որ ես աջակցություն են հայտնում Մակրոնի նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթներին», - սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ նշում էր Սարկոզին:

Մակրոնի օգտին քվեարկելու պատրաստակամության մասին են հայտարարում նաև պաշտոնից հեռացող սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակիցները: Սոցիալիստական կուսակցության ղեկավարներից մեկը` արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն երեկ կայացած կառավարության նիստից հետո հայտարարում էր. - «Ֆրանսիան կփլուզվի, եթե Մարին Լը Պենի քաղաքականությունը սկսի կյանքի կոչվել: Մարին Լը Պենի օգտին քվեարկելը հակասում է երկրի շահերին: Կոչ եմ անում արգելափակել Լը Պենի ճանապարհը դեպի իշխանություն: Չմասնակցելով ընտրություններին` մենք նպաստում ենք Լը Պենի հաղթանակին», - հայտարարում էր Էրոն` դիմելով Սոցիալիստական կուսակցության նոսրացած ընտրազանգվածին:

Հիշեցնենք, որ սոցիալիստ թեկնածու Բենուա Ամոնը ընտրությունների առաջին փուլում ծանր պարտություն կրեց` ստանալով ֆրանսիացի ընտրողների ընդամենը 7 տոկոսի աջակցությունը:

Քաղաքական դաշտի զգալի մասի աջակցությանն արժանացած Էմանյուել Մակրոնի քարոզարշավը ևս վերջին օրերին հիմնականում կառուցված է Լը Պենի հայացքների քննադատության վրա:

Երկուշաբթի երեկոյան France 2 հեռուստաալիքի եթերում Մակրոնը նշում էր. - «Տիկին Լը Պենը մի այնպիսի քաղաքական նախագիծ է առաջարկում, որի հետևանքներն են լինելու մեկուսացումը, սահմանների փակումը, փոխադարձ ատելությունը, տնտեսական աղետն ու որպես հետևանք, աշխատավոր դասակարգի և միջին խավի դիրքերի թուլացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG