Մատչելիության հղումներ

Էրդողանը սպառնում է իսպառ դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, 25-ը ապրիլի, 2017 թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, 25-ը ապրիլի, 2017 թ․

Թուրքիայի նախագահի խոսքով, իրադարձությունների նման զարգացման մեղավորը բացառապես եվրոպացիներն են լինելու:

Եթե Եվրամիությունը շարունակի ձգձգել Թուրքիայի անդամակցության հարցի վերջնական լուծումը, Անկարան կարող է ընդհանրապես դադարեցնել ողջ գործընթացը: Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների ապագան կարող է հանրաքվեի առարկա դառնալ:

«Եթե խորհրդարանում ներկայացված կուսակցությունները նման որոշում կայացնեն, ես այն պատշաճ կերպով կվավերացնեմ: Ինչու՞: Որովհետև դա է իմ ժողովրդի պահանջը, իմ ժողովրդի կամքը: Եվ եթե դու անտեսում ես ժողովրդի ցանկությունը, դա արդեն ժողովրդավարություն չէ: Հնարավո՞ր է արդյոք ականջալուր չլինել ժողովրդի արտահայտած կամքին: Իհարկե՝ ոչ»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով, իրադարձությունների նման զարգացման մեղավորը բացառապես եվրոպացիներն են լինելու: Էրդողանի համոզմամբ, եվրոպացիները տասնամյակներ շարունակ Թուրքիայի անդամակցության ճանապարհին արհեստական խոչընդոտներ են հարուցում:

«54 տարի, դուք 54 տարի շարունակ Թուրքիային պահում եք փակ դռների դիմաց և հետո էլ հարցնում եք, թե ինչու՞ ենք մենք դիմում նման քայլերի»,- Reuters-ի թղթակիցների հետ զրույցում ասել է Էրդողանը, պնդելով, որ եվրոպական կառույցների մոտեցումը թուրքական խնդիրների հանդեպ չի փոխվում նաև այսօր: Որպես, իր բնորոշմամբ՝ «կողմնակալ» վերաբերմունքի ապացույց, Էրդողանը մատնանշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում երեկ ընդունված որոշումը, որով այդ կառույցը, 13 տարվա ընդմիջումից հետո, վերսկսում է Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգը: «Այդ որոշումն ուղղված է Թուրքիայի շահերի դեմ և իր բնույթով ամբողջությամբ քաղաքական է: Մենք այն չենք ընդունում»,- հայտարարել է Էրդողանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս որոշումն ընդունեց, նախևառաջ հաշվի առնելով անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում ծավալված զարգացումները, երբ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ՝ դատավորներ, ուսուցիչներ և համալսարանական դասախոսներ, պաշտոնանկ արվեցին:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում կայացված որոշումից մի քանի ժամ անց թուրքական հատուկ ծառայությունները նոր զանգվածային ձերբակալություններ նախաձեռնեցին: Անցած գիշեր, հաշված ժամերի ընթացքում, առնվազն 800 մարդ է ձերբակալվել, որոնց ճնշող մեծամասնությունը ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալված իրավապահները կասկածվում են Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ գործիչ, Էրդողանի երբեմնի դաշնակից, այժմ արդեն երդվյալ թշնամի Ֆեթհուլա Գյուլենի ծպտյալ աջակիցները լինելու մեջ:

Reuters-ի հետ զրույցում Էրդողանը չի շրջանցել նաև սիրիական ճգնաժամի թեման: Թուրքիայի նախագահի պնդմամբ, Սիրիայի քաղաքացիական պատերազմում այս կամ այն կերպ ներգրավված օտար պետությունները` նախևառաջ Ռուսաստանն ու Թուրքիան, ի վիճակի են կառուցողական համագործակցություն ծավալել:

«Պուտինն ինձ բառացիորեն հետևյալն ասաց. «Էրդողան, ինձ սխալ մի հասկացիր, ես Ասադի փաստաբանը չեմ: Դա այն է, ինչ Պուտինն անձամբ է ինձ ասել: Բայց ես կարծում եմ՝ կան նաև այլ զարգացումներ, այլ խնդիրներ, որոնցով նա մեզ հետ կիսվել չի կարող: Ամեն դեպքում, այժմ Պուտինը, Թրամփը, մենք, Իրանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, բոլորն էլ ակտիվ դերակատարություն են ստանձնել և փորձում են հասնել Սիրիայում առկա խնդիրների լուծմանը», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG