Մատչելիության հղումներ

Մարգարյանը շենգավիթցիներից քվե խնդրեց, ասելով, թե իր թիմը «քաջատեղյակ է քաղաքի խնդիրներին»


Տարոն Մարգարյանը Երևանի «Շենգավիթ» վարչական շրջանում, 25-ը ապրիլի, 2017 թ․

Այսօր «Շենգավիթ» վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը վերջիներիս հորդորեց մայիսի 14-ին վստահել իրեն ու քվեարկել իր թիմի օգտին: Այդ «պրոֆեսիոնալ» թիմը, Մարգարյանի խոսքով, քաջատեղյակ է մայրաքաղաքի խնդիրներին և կարող է ամբողջությամբ լուծել դրանք:

Մարգարյանը պնդեց, որ իր նախընտրական ծրագիրն ամբողջությամբ կազմվել է քաղաքացիների մտահոգությունների հիման վրա․ «Մենք ունենք բազում խնդիրներ՝ տրանսպորտի խնդիր, բակերի բարեկարգման խնդիր, բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիր, բնակֆոնդի պահպանման խնդիր, այդ ամենը մեր համար գերակա խնդիրներ են»,- շենգավիթցիների հետ հանդիպմանն ասաց գործող քաղաքապետը:

Մինչ Մարգարյանի այցը, բնակիչները «Ազատության» հետ զրույցում որոշակի խնդիրներ թվարկեցին, մասնավորապես, կենտրոնանալով վերելակների, տրանսպորտի հետ կապված հարցերի վրա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ զրույցում նրանք մի շարք այլ հարցեր էլ բարձրացրին, սկսած՝ «Նաիրիտի» պարտքերից մինչև սեփականաշնորհման գործընթացում առաջացող խնդիրները: «Բնակչին պարտք են, տոկոս չեն տալիս, իսկ որ բնակիչն ա պարտք համատիրությանը, տոկոս են բերում, ավելացնում, ինչու՞ են տենց անում»,- հարց հնչեցրեց բնակիչներից մեկը:

Տարոն Մարգարյանն այսօր հրաժարվեց՝ պատասխանել լրագրողների հարցերին, միայն հորդորեց՝ չխանգարել իրեն ընտրողների հետ շփվելիս: Ասաց՝ նախորդած երեք օրերին ինքն արդեն իսկ պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG