Վերլուծելով Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի ընթացքն ու արդյունքը՝ Եվրոպայի խորհուրդը հանգել է եզրակացության, որ Թուրքիան պառակտված է, իսկ դեմոկրատական գործընթացը նահանջ է ապրում: Այդպիսով, Եվրոպայի խորհուրդը ստիպված է նորից մոնիտորինգ սահմանել Թուրքիայի նկատմամբ:
Մոնիտորինգը վերականգնելու որոշումը խորհրդարանական վեհաժողովն ընդունել է 113 կողմ, 45 դեմ քվեների հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ ԵԽԽՎ-ում հրապարակվել է «Թուրքիայում դեմոկրատական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը:
Մոնիտորինգի վերահաստատումը կարող է ճակատագրական և նույնիսկ անդառնալի հարված հասցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ամբողջ գործընթացին: Նախօրեին Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում հայտարարել է, որ Թուրքիան պառակտված է:
«Ապրիլի 16-ի արդյունքը վկայում է, որ Թուրքիայի հասարակությունը պառակտված է, չեմ կարող չկրկնել՝ Թուրքիան Էրդողանը չէ, այդ առումով բոլոր զարգացումների հիմքում Էրդողանի և նրա կուսակցության քաղաքականությունն է, բայց ակնհայտ է, որ հանրության շատ մեծ մասը ունի ուրիշ տեսակետ, անձամբ ես կնախընտրեմ դուռը չփակել և քննարկումները շարունակել»,- ասել է Հանը:
Մինչդեռ, թուրքերը խիստ վրդովված են:
«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգը վերականգնելու մասին ԵԽԽՎ-ի անարդար որոշումը: Եվրոպական իդեալների և արժեքների վճռական պաշտպան, Եվրոպայի խորհրդի հիմնադիր անդամ Թուրքիան նորից մոնիտորինգի ենթարկելը հիրավի խայտառակություն է այս հաստատության համար, որն իրեն ներկայացնում է իբրև դեմոկրատիայի օրրան»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործոց նախարարությունը:
Ըստ Անկարայի, ԵԽԽՎ-ի որոշումը խոչընդոտելու է Թուրքիա-ԵՄ երկխոսությունը, վնաս կհասցնի Եվրոպայի արժեհամակարգին և ձեռնտու է միայն ահաբեկչական կառույցներին, այդ թվում՝ Ամերիկայում ապաստանած Ֆեթուլահ Գյուլենի շարժմանը:
Արտգործնախարարությունը հայտնում է, որ ստեղծված պայմաններում Անկարան ստիպված է վերանայել հարաբերությունները ԵԽԽՎ-ի հետ:
Միաժամանակ, Անկարան հավաստիացնում է, որ «չնայած ԵԽԽՎ-ի անարդար որոշմանը՝ կշարունակի երաշխավորել և ընդարձակել քաղաքացիների դեմոկրատական ազատությունները և հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները»: