Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Մարին Լե Պենը ժամանակավորապես լքում է «Ազգային ճակատ» կուսակցության նախագահի պաշտոնը: Ֆրանսիական լրատվամիջոցների պնդմամբ, դա մարտավարական քայլ է, որը Լե Պենին հնարավորություն կտա ընտրողներին ներկայանալ նոր լույսի ներքո:
«Ես մշտապես վստահ եմ եղել, որ Ֆրանսիայի նախագահը ողջ ֆրանսիացի ժողովրդի ղեկավարը պետք է լինի, և նրա հիմնական առաքելությունը ազգը միավորելն է: Այնպես որ այսօրվանից սկսած՝ ես այլևս «Ազգային ճակատի» առաջնորդը չեմ, ես Ֆրանսիայի նախագահի թեկնածու եմ»- հայտարարել է Մարին Լե Պենը:
Կիրակնօրյա ընտրություններում քվեների ավելի քան 21 տոկոսը ստացած Լե Պենն այս հայտարարությունն արել է երեկ երեկոյան` France 2 հեռուստաալիքի եթերում: Նույն հարցազրույցում նա խոսել է նաև սոցիոլոգիական հարցումների մասին, որոնց համաձայն՝ մայիսի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում ինքը հաղթանակի որևէ շանս չունի:
«Մենք կարող ենք հաղթել և մենք պատրաստվում ենք շարունակել մեր քարոզարշավն ու հաղթել: Ըստ հարցումների, մենք երկրորդ փուլի քարոզարշավ ենք մուտք գործում քվեների 40-60 հարաբերակցությամբ` հօգուտ Էմանուել Մակրոնի: Մեզ ընդամենը 10 տոկոս է հարկավոր: Հավատացնում եմ ձեզ, այդ տարբերության կրճատումը լիովին իրագործելի է»,- ասել է «Ազգային ճակատի» արդեն նախկին ղեկավարը:
Մարին Լե Պենի հայրը` «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը, սակայն, վստահ է` նման նախընտրական մարտավարությամբ իր դուստրը հաղթել չի կարող: «Կարծում եմ, որ նրա քարոզարշավը շատ թույլ է: Իմ դստեր փոխարեն ես քարոզարշավը կկառուցեի Դոնալդ Թրամփի նախընտրական մարտավարության օրինակով: Ընտրարշավը պետք է ավելի բաց և շատ ագրեսիվ լինի` թիրախավորելով քաղաքական դաշտի թե՛ ձախ և թե՛ աջ հատվածի այն գործիչներին, որոնք պատասխանատու են երկրի նման անկման համար»- հայտարարել է Ժան-Մարի Լե Պենը:
«Ազգային ճակատի» հիմնադրի ու երկարամյա ղեկավարի նման արձագանքը պատահական չէ: Վերջին տարիներին Մարին և Ժան-Մարի Լե Պենների հարաբերությունները սրվել են, նրանք գործնականում չեն շփվում: Ավելին՝ մի քանի տարի առաջ Մարին Լե Պենն իր հորը նույնիսկ հեռացրել էր «Ազգային Ճակատի» շարքերից:
Ինչ վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուին` հաղթելու ամենամեծ շանսերն ունեցող Էմանուել Մակրոնին, ապա նա կիրակնօրյա քվերակությունից հետո առայժմ չի վերսկսել ակտիվ քարոզարշավը: Այսօր Մակրոնը մասնակցեց անցած շաբաթ Փարիզի կենտրոնում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհված ոստիկանի հիշատակին կազմակերպված արարողությանը, որին ներկա էին նաև ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենը և պաշտոնից հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդը: Տանից դուրս գալիս Մակրոնը, օգտվելով առիթից, շփվեց շարքային փարիզցիների հետ, անգամ նրանց հետ սելֆիներ արեց:
Օրվա առաջին կեսին սելֆիներից անմասն չէր մնացել նաև Մարին Լե Պենը, ով այցելել էր Փարիզի մերձակայքում գործող սննդամթերքի միջազգային տոնավաճառ: Այստեղ հավաքված ֆերմերների արձագանքը, սակայն, միանշանակ չի եղել: Նրանց մի մասը չի թաքցրել դժգոհությունը, մյուսներն էլ վանկարկել են` «Մարին, նախագահ»:
Ֆերմերներից մեկի հարցին էլ՝ ինչպե՞ս եք վերաբերվում երկրորդ փուլում Մակրոնի օգտին քվեարկելու՝ Ֆրանսուա Օլանդի կոչին, Մարին Լե Պենը հակադարձել է՝ «Եթե Օլանդն է կոչ անում՝ քվեարկել Մակրոնի օգտին, կարելի է ենթադրել, որ մարդիկ կցանկանան իրենց քվեն Լե Պենին տալ»: