Մատչելիության հղումներ

Փամբակցիները ԱԺ ընտրություններից չեն խոսում․ «Վախում ենք, կգան գիշերը կտանեն, վախելու երկիր ա․․․»


Փամբակ

Լոռու մարզի Փամբակ գյուղում Ազգային ժողովի վերջին ընտրությունների մասին շատերը նախընտրում են չխոսել։ Խոսելու դեպքում էլ չեն ցանկանում հրապարակել իրենց անունը։

«Չեմ խոսի․․․չէ, էլ չեմ վախենում, ինչի՞ց եմ վախենում, ազիզ ջան: Ես ոչ աշխատում եմ, ոչ իմ տանն աշխատող ունեմ, ինչի՞ց եմ վախում: Թող նա վախենա, ով որ աշխատում ա, աշխատանքից կհեռացնեն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղի բնակչուհիներից մեկն ու շարունակեց․ «խի՞ չեն հեռացնի որ, հիմա ի՞նչ չեն անում, որ էդ չանեն»:

Գյուղացիներից մեկն էլ ասաց․ «Զգույշ ենք խոսում, բերաններս բաց չենք անում, կգան-կտանեն...»: Վերջինս նույնպես չցանկացավ ներկայանալ, ասաց՝ տարիներ առաջ տուժել է ազատ խոսելու համար։ Այսօր աշխատանք ունի՝ այդ պատճառով զգուշանում է․ «Ինձ մի նկարեք, ես գործ չունեմ, գան քշերը տանեն․․․վախելու երկիր ա»:

Հարցին՝ ինչի՞ց եք վախենում, պատասխանեց․ «Ամեն ինչից, աշխատանքից դուրս կանեն, կճնշեն․․․ հա, աշխատում եմ, երկաթուղում․․․ վախը, վախը, վախը, մրդկերանց վախացրել են, էս 20 տարի ա՝ վախացնում են: Խոսում ես սհենց, գալիս են ասում են՝ տանում են վարչություն, միլիցիա: Ես ընգել եմ դուրս եմ եկել: Իմ վրա, ասում էին, զենք ունես պահած, էս ունես, էն ունես, ֆիդային ես եղել, բայց ես դառը քրտնքով աշխատող մարդ եմ․․․ ի՞նչ ժողովրդավարական, է, էդ միայն ասում են, ես օրինակ, չեմ հավատում․․․»:

Գյուղացիներն ասում են՝ վերջին ընտրությունները գյուղում ավելի են խորացրել վախը: Թեև կազմակերպիչները վստահեցնում էին, թե պակասել են քվեարկությունը վերահսկելու մեխանիզմները, փամբակցիների ականջին ուրիշ լուրեր էին հասել՝ ամբողջ ընթացքը որոշողը ընտրատեղամասի դիմաց կանգնած մեքենաների տերերն են։ «Ընտրություններին մասնակցեցի․․․ ուզած-չուզած, բա ի՞նչ անեինք, իրանք էլ, գիտեմ՝ եթե հանկարծ մի ուրիշին ընտրենք, եսիմ ինչ կանեն: Հանրապետականն ա ու վերջ․․․ էլ ուրիշ մարդ չկա»,- ասում է փամբակցի կինը:

Հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե ուրիշին ընտրեիք, պատասխանում է․ «Բա հետո՞, հետո էլ կգային կասեին՝ ինչի՞ եք էդ մարդին ընտրել: Խի՞ չեն տենում, 100 հատ տեսախցիկ են դրել, մարդիկ հո միամիտ չե՞ն էդքան, որքանո՞վ համոզված ըլեինք, որ չեն նկարում: Մեր մոտ մեկը գնացել էր, նույնիսկ սխալմամբ, մի ուրիշի էր ընտրել, դուրս եկավ թե չէ, ամենքը մի տեղից ասին՝ խի՞ գնացիր նրան ընտրեցիր, չէինք ասե՞լ՝ ում կընտրես: Բա որ չէին տեսել, ո՞նց ասին: Մաշինեքը դռանը դրած, իրանք միջին նստած, բայց թե ոնց են տենց հարմարեցրել, որ կարան տենան, ես չգիտեմ»: Փամբակի մի ուրիշ բնակչուհի էլ ասում է․ «Գնացի ընտրեցի էկա․․․Հանրապետականին, ի՞նչ անեմ, չգիտեմ, ակնոց չունեի, աչքս չէր տենում․․․ի՞նչ ասեմ»:

Փամբակի 30 տարվա հանրապետական գյուղապետ Սամսոն Ուլիխանյանը, մինչդեռ, չի ընդունում պնդումները, թե ընտրությունները վերահսկվել են։ Ասաց՝ հնարավոր չէ. գյուղացիները միամիտ բաներ են ասել ընտրությունները վերահսկելու, ընտրախցերում տեսախցիկների տեղադրման մասին, «սուտ լուրեր են» տարածել:

«Բացառվում ա, ո՞նց կարող ա տենց բան ըլնի»։ Գյուղապետն ասում է, թե գյուղում «հանուն իրեն են» քվեարկել Հանրապետականի օգտին։ Հույս ունի, որ գյուղապետի հաջորդ ընտրություններում ևս կհաղթի․ «Էսքան տարի աշխատել եմ, ժողովրդի հետ մերված, ես ամեն մեկի հոգսը, դարդուցավը գիտեմ... չընտրեն՝ կգնամ Ռուսաստան»։

Փամբակցի Վոլոդյան գնահատում է գյուղապետի «մտերմիկ» աշխատելաոճը, բայց դժգոհ է գյուղի ընդամենը 8 միլիոն դրամի բյուջեից: Սակայն, մինևնույնն է՝ գնացել, իշխող ուժի օգտին է քվեարկել։ «Ոչ գյուղապետարան ունենք, ոչ ակումբ ունենք, ի՞նչ գյուղ․․․ ոչ մի զբաղմունք չկա, իրիկունը մութն ընկավ, դավայ, պառկի քնի, ի՞նչ դառավ․․․ընտրություններին, հա, գնացի, դե ․․․ թուղթ էր, լրացրինք, քցեցինք ընդեղ»,- ասաց Վոլոդյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG