Մատչելիության հղումներ

Առաջնագծում ՊԲ զինվոր է զոհվել


Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց):

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG