Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկվա միջադեպի հետ կապված ոստիկանություն բերման է ենթարկել ոմն Գուրգեն Ավետիսյանը, ով դեկտեմբերին ձերբակալված՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Արամ Ավետիսյանի եղբայրն է։
Բերման ենթարկվածը, ըստ Փաշինյանի, խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի վստահված անձն էր։ Փաշինյանն ասաց, որ ինքը ոստիկանությունում միջադեպի վերաբերյալ բացատրություն է տվել և այժմ պատշաճ հետաքննություն է ակնկալում։
Երեկ Փաշինյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքի բակերից մեկում «Ելք»-ի քարոզչության ժամանակ մի քաղաքացի խոչընդոտել է իրենց գործողությունները։ Այդ պահին դեռևս անհայտ անձն իր ավտոմեքենայից դուրս էր եկել և հայտարարել, թե «իր քուչա չեն կարող մտնել»։ Երիտասարդը նաև քաշքշուկ էր սկսել քարոզարշավի մասնակիցների հետ։