Մատչելիության հղումներ

2016 թվականին ողջ աշխարհում ռազմական ծախսերն ավելացել են


Ռուսական տանկերը պատրաստվում են զորավարժանքների, արխիվ
Ռուսական տանկերը պատրաստվում են զորավարժանքների, արխիվ

Մինչդեռ՝ դիտարկված ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը վերջին հինգ տարիների կտրվածքով առաջին անգամ կրճատվել են:

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությանը, Հայաստանի անցած տարվա ռազմական ծախսերը, 2015-ի համեմատ, կրճատվել են 5,5 տոկոսով: Ադրբեջանի ռազմական ծախսերի կրճատումը, պայմանավորած միջազգային շուկայում նավթի գնի անկման հետ, շատ ավելի զգալի է՝ 36 տոկոս: 2016-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար:

Նման ցուցանիշներ է վկայաբերում Ստոկհոլմի «Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի» այսօր հրապարակված տարեկան զեկույցը: Ինստիտուտի փորձագետերն անցյալ տարվա հիմնական միտումներից են համարում նավթարդյունահանող երկրների ռազմական ծախսերի էական կրճատումը:

Այսպես․ նախորդած տարվա համեմատ, 2016 թվականին ռազմական ծախսերը Վենեսուելայում կրճատվել են 56 տոկոսով, Հարավային Սուդանում 54 տոկոսով, Ադրբեջանում և Իրաքում 36-ական տոկոսով, Սաուդյան Արաբիայում 30 տոկոսով: Ռազմական ծախսերի զգալի նվազում է արձանագրվել նաև Ղազախստանում, Անգոլայում, Էկվադորում, Մեքսիկայւոմ, Օմանում: «Նավթի գնի անկումը կրճատել է եկամուտները և տնտեսական խնդիրներ առաջացրել, ինչը նավթարդյունահանող շատ երկրների ստիպել է կրճատել ռազմական ծախսերը»,- նշել է Ստոկհոլմի ինստիտուտի փորձագետ Նան Թիանը:

Ըստ զեկույցի, Միացյալ Նահանգները մնում է ռազմական ամենամեծ բյուջեն ունեցող երկիրը: 2016-ին ԱՄՆ-ի ռազմական ծախսերն ավելացել են 1,7 տոկոսով, կազմելով 611 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով երկրորդ տեղում դարձյալ Չինաստանն է: Այս երկրի ռազմական ծախսերն անցայլ տարի աճել են 5,4 տոկոսով և կազմել 215 միլիարդ դոլար: Երրորդ տեղ է դուրս եկել Ռուսաստանը, որը 2016 թվականին ռազմական ծախսերն ավելացրել է գրեթե 6 տոկոսով, դրանք հասցնելով 69,2 միլիարդ դոլարի:

Փորձագետներն ուշադրություն են հրավիրում աշխարհում երրորդ խոշորագույն ռազմական բյուջեն ունեցող Ռուսաստանի և առաջին երկու խոշորագույն ռազմական բյուջեներն ունեցող երկրների ծախսերի մեծ տարբերությունը՝ ԱՄՆ-ինը 600 միլիարդ դոլարից ավելի է, Չինաստանինը՝ 215 միլիարդ դոլար, մինչդեռ՝ Ռուսաստանի ռազմական բյուջեն ընդամենը 69 միլարդ դոլար է կազմում:

2015 թվականին, ըստ Ստոկհոլմի «Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի», երրորդ տեղում Սաուդյան Արաբիան էր, սակայն, անցյալ տարի նավթի գների անկման հետ կապված՝ Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն 30 տոկոսով կրճատվել է, կազմելով 63,7 միլիարդ դոլար: Ռազմական ծախսերի ավելացման կամ նվազման միտումների շարքում փորձագետները նշում են նաև տարբեր տարածաշրջանների միջև արձանագրված տարբերությունները: Ռազմական ծախսերը շարունակում են աճել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարծաշրջաններում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում:

Ստոկհոլմի ինստիտուտի փորձագետ Սայմոն Վեյզեմանը նշել է, որ Կենտրոնական Եվրոպայի շատ երկրների ռազմական ծախսերի աճը մասամբ բացատրվում է Ռուսաստանին որպես մեծ սպառնալիք ընկալման հետ: Հրապարակված աղյուսակները ցույց են տալիս, որ 2016-ին աշխարհում ամենշատը (44 տոկոսով) ավելացել են Լատվիայի ռազմական ծախսերը, երկրորդ մեծագույն աճն արձանագրվել է Լիտվայում՝ 35 տոկոս:

Ռազմական ծախսերի նվազման միտումներ արձանագրվել են Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկներում, Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Այս տարածաշրջանի մասով նշվում է, որ զեկույցն օգտագործել է բաց և հասանելի տվյալներ:

Համաշխարհային մասշտաբով՝ 2016 թվականին ռազմական ընդհանուր ծախսերը նախորդած տարվա համեմատ ավելացել են 0,4 տոկսով, կազմելով 1 տրիլիոն 686 միլիարդ դոլար: Սա համաշխարհային համախառն ներքին արդյունքի 2,2 տոկոսն է: Ողջ աշխարհում ռազմական ծախսերի նշված ցուցանիշի ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում ամենամեծ ռազմական բյուջե ունեցող 15 երկրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG