Մատչելիության հղումներ

Մակրոնի և Լը Պենի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են մի շարք առանցքային հարցերում


Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Էմանյուել Մակրոն և Մարին Լը Պեն
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Էմանյուել Մակրոն և Մարին Լը Պեն

Հավանականությունը, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահի անունը կլինի Էմանյուել Մակրոն, վերլուծաբանները բավական բարձր են գնահատում:

«Տասնհինգ օրից ես պատրաստվում եմ դառնալ Ֆրանսիայի նախագահը»․ - այսպես է սկսել իր հաղթական ելույթը Ելիսեյան պալատի ղեկավարի 39-ամյա թեկնածուն՝ Էմանյուել Մակրոնը, անուն առ անուն շնորհակալություն հայտնելով իր բոլոր մրցակիցներին՝ բացառությամբ Մարին Լը Պենի:

«Այս պահից սկսած ես պետք է համախմբեմ բոլոր ֆրանսիացիներին», - հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարը՝ կոչ անելով աջ ու ձախ ճամբարների քաղաքական գործիչներին համալրել իր աջակիցների շարքերը:

Այսպիսով՝ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ո՛չ սոցիալիստները, ո՛չ աջակենտրոն գործիչները երկրորդ փուլ չանցան:

Ինչպես նշում են վերլուծաբանները, ընտրողների գլխավոր խնդիրը ազգայնական Մարին Լը Պենի առաջխաղացումը կանխելն է և Էմանյուել Մակրոնի վերջնական հաղթանակը ապահովելը, քանի որ Լը Պենի գլխավոր նպատակը Ֆրանսիան Եվրամիությունից դուրս բերելն է, ինչը շատ մեծ ցնցումներ կարող է առաջացնել երկրում և ամբողջ Եվրոպայում:

Տասնմեկ թեկնածուներից ընտրապայքարը շարունակող Մակրոնն ու Լը Պենը գրեթե տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն երկրի համար առաջնային մի շարք հարցերում՝ առաջինը հանդես է գալիս Եվրամիության և միջազգային ազատ առևտրի օգտին, մինչդեռ երկրորդը դեմ է գլոբալիզացիային, ավելին՝ խոստանում է փակել դռները մահմեդականների առջև, արգելել մզկիթների գործունեությունը երկրում ու վտարել բոլոր ապօրինի միգրանտներին:

Անկուսակցական թեկնածու Մակրոնին, ով նախկինում երբեք չէր մասնակցել որևէ ընտրապայքարի, հաջողվել է հսկայական աջակցություն ստանալ մասնավորապես երիտասարդների շրջանում՝ հիմնականում զարգացող քաղաքային շրջաններից:

Ինչ վերաբերում է Լը Պենին, ապա նրա ներկայիս արդյունքը թե՛ հաջողություն և թե՛ ձախողում է․ մի կողմից՝ նա կարողացել է ստանալ ավելի շատ ձայն, քան իր հայրը՝ Ժան-Մարի Լը Պենը 2002 թվականին, մյուս կողմից՝ նրա կուսակցությանը չհաջողվեց երկրորդ փուլ մտնել որպես ամենածանրակշիռ քաղաքական ուժ:

Ելույթ ունենալով աջակիցների առջև, երեկ Լը Պենը կոչ էր արել «բոլոր իրական հայրենասերներին»՝ անկախ այն բանից, թե ում օգտին են քվեարկել առաջին փուլում, մայիսի 7-ին իրեն աջակցել: «Դա է պահանջում մեր երկրի գերագույն շահը. զոհասեղանին է դրված Ֆրանսիայի ապագան», - հայտարարել է մասնագիտությամբ իրավաբան 48-ամյա Լը Պենը, ում օգտին են քվեարկել հիմնականում Ֆրանսիայի նախկին արդյունաբերական շրջանները, որոնցում գործազրկության բարձր տոկոս կա և մեծ հիասթափություն ժամանակակից սոցիալ-տնտեսական կարգից:

«Ժամանակն է ֆրանսիացի ժողովրդին ազատագրել ամբարտավան վերնախավից, որը թելադրում է իր կամքը, և, այո, ես եմ ժողովրդական թեկնածուն», - հայտարարել է ազգայնական գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG