Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը բացահայտեց՝ իր ղեկավարած ուժն ընդդիմադիր է լինելու


Գագիկ Ծառուկյան, Ծիծեռնակաբերդ, 24-ը ապրիլի, 2017 թ․
Գագիկ Ծառուկյան, Ծիծեռնակաբերդ, 24-ը ապրիլի, 2017 թ․

Ի տարբերություն «Ծառուկյան դաշինքի», իշխող Հանրապետականի հետ պատրաստվում է կոալիցիա ձևավորել Հայ հեղափոխական դաշնակցությունը։

Նորընտիր խորհրդարանում 31 մանդատ ստացած «Ծառուկյան դաշինքը» կլինի ընդդիմադիր ուժ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, չհստակեցնելով, սակայն, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածուն: Այդ պաշտոնը, ըստ նոր Սահմանադրության, պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։

«Հիմա տեսաք, որ ընդդիմություն ենք, ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, այլ մարդիկ պետք է կարողանան գործ կատարել, որ մարդկանց կյանքում բան փոխվի, ձեր ցավը տանեմ, ձեր բնավորությանը թարգ տվեք․․․: Եղբայր ջան, եթե կոալիցիա չենք, ինքնըստինքյան ընդդիմադիր ենք արդեն»,- ասաց Ծառուկյանը:

Ապրիլի 2- ին կայացած ընտրություններում «Ծառուկյան դաշինքը» ստացել է 428 հազար ձայն, որը մոտ 30 հազարով պակաս է նախորդ խորհրդարանական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի գրանցած արդյունքից։ Նոր գումարման ԱԺ-ում, սակայն, «Ծառուկյան դաշինքի» մանդատները 3-ով ավելի են նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ի ունեցածից։ «Մենք կանխատեսում էինք, որ շատ լավ արդյունքներ պետք է լինի, բայց ես առանձնապես․․․ իմ ժողովրդի ցավը տանեմ, և՛ ձայն տվողներից եմ գոհ, և՛ չտվողներից»,- շարունակեց «Ծառուկյան դաշինքի» ղեկավարը:

Նախընտրական շրջանում միլիոնատեր գործարարը իր գլխավորած ուժի հաղթանակի դեպքում 15 միլիարդ դոլարի ներդրում էր խոստանում։ Ծիծեռնակաբերդ այցելած Ծառուկյանն այսօր հայտարարեց, որ այդ ներդրումները չեն լինի․ «Բոլորն են ցանկանում են, բայց, ասենք, ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 30 տոկոս, 29 տոկոս, դա կմա արդեն մյուս ընտրությանը»:

Դաշինքի առաջնորդն այսօր նաև չհստակեցրեց՝ արդո՞ք կվերցնի իր պատգամավորական մանդատն ու կգնա խորհրդարան։ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, ըստ «Պառլամենտ մոնիթորինգ»-ի, 5-րդ գումարման ԱԺ-ի ամենաշատ բացակայած պատգամավորն էր․ 5 տարվա ընթացքում նա խորհրդարան ընդամենը չորս անգամ է ոտք դրել։

Ի տարբերություն «Ծառուկյան դաշինքի», իշխող Հանրապետականի հետ պատրաստվում է կոալիցիա ձևավորել Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, ՀՅԴ-ն նախարարական պորտֆելների կրճատման հարց այսօր չի քննարկում, իսկ բանակցությունները կավարտվեն առաջիկա օրերին։

«Նախկինում չի եղել, կարծում եմ ներկայումս էլ չի լինի կոնկրետ որևէ նախարարություն կամ քվոտայի մասին որևէ դրույթ, որովհետև, ի վերջո, մենք 2 քաղաքական ուժերի միավորմամբ, պետք է ստանանք ավելի հզոր՝ բարեփոխումներն առաջ տանող միավոր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

Նոր խորհրդարանում Դաշնակցությունը կունենա 7 մանդատ։ Համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արծվիկ Մինասյանը նախընտրում է մնալ կառավարությունում։ Դաշնակցական նախարարն այսօր նաև տեղեկացրեց, որ կուսակցությունն առայժմ չի որոշել՝ Երևանի ավագանու ընտրություններում սատարե՞լ Հանրապետական կուսակցությանը, թե ոչ։ «Բայց ես կարծում եմ, որ այն քաղաքական համաձայնությունը և ծրագրային մոտեցումները, որ մենք ներկայումս ունենք, էդ ձևաչափը չի խաթարվի»,- ասաց Մինասյանը:

ՀՅԴ-ն իշխող Հանրապետականի հետ քաղաքական համագործակցության վերջին հուշագիրը ստորագրել էր 2016 թ․ փետերվարին։ Այդ համագործակցության արդյունքում, ըստ էության կոալիցիոն գործընկերոջ կարիք չունեցող Հանրապետականի կողմից Դաշնակցությանն էր փոխանցվել 3 նախարարական պորտֆել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG