Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խոսքով, Ջրառատում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերի քննության արդյունքները մոտ օրերս տեսանելի կլինեն, և «օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով»:

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հովսեփյանին հիշեցրեցինք Ջրառատ գյուղի բնակիչ Մանվել Մելքոնյանը պատմածը «Ազատությանը», թե փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ով անցած ամառ աչքի ընկավ լրագրողների դեմ կիրառված բռնությունների ժամանակ, ինչպես է մարտի 12-ին զենքը պահել իր 27-ամյա որդու՝ Հակոբ Մելքոնյանի ուղղությամբ՝ պահանջելով ծնկաչոք ներողություն խնդրել:

«Կարող եմ վստահեցնել, որ հատկապես այդ գործով և այդ գործով նույնպես օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով, մոտ օրերս դուք արդյունքը կտեսնեք: Այսինքն բոլոր կայացված որոշումները կլինեն օրենքի հիման վրա, օրինական և հիմնավորված»:

Հիշեցնենք, որ Ջրառատում օրեր տևած բախումների պատճառը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն էին․ Երանոսյանների քրոջ որդին, 35-ամյա ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը սատարում էր իշխող ուժին, մյուս կողմում ընդդիմադիր ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին էին:

Ջրառատի բնակիչ Մանվել Մելքոնյանը պատմում է․ - «Ինքը անձամբ եղել ա՝ Լեռնիկ Երանոսյանը: Կայնացրել ա խաչմերուկին, չեն կայնել, զենքը հանե, մի հատ ընդեղ ա կրակել: Էրեխեքն էկե հայաթը կանգնել են, ինքն էլ հետևեներից էկել ա, զենքը պահել ա տղայիս վրեն: Պահել ա, ասել ա՝ պըտի չոքես»:

Տեղի ունեցածը քննող Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն օրերս «Ազատությանն» ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, Լեռնիկ Երանոսյանը տուժող է ճանաչվել, իսկ հարցաքննության կանչված գյուղացիները ցուցմունք չեն տվել այն մասին, ինչ ասել էին լրատվամիջոցներին:

Աղվան Հովսեփյանը նոր էր հեռացել Ծիծեռնակաբերդից, երբ Ցեղասպանության հուշահամալիր այցելեց փոխոտիկանապետ Լևոն Երանոսյանը: Ըստ Մելքոնյանների, գեներալ-լեյտենանտ Երանոսյանը անձամբ ներկա է Ջրառատում տեղի ունեցածին:

Սակայն այսօր նա պարզապես խուսափեց խոսել տեղի ունեցածից:

Փոխարենը գործընկերոջը օգնության էր հասնում ոստիկանության պետի առաջին տեղակյալ Հունան Պողոսյանը՝ խորհուրդ տալով լրագրողներին դիմել ոստիկանության լրատվական ծառայություն:

Լրագրողների բոլոր հարցերն արժանանում էին նույն պատասխաններին՝ օրվա խորհուրդից պետք չէ շեղել, դիմեք ոստիկանության լրատվական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG