Մատչելիության հղումներ

«Միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր»


Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, Հայաստանը ոչ միայն պետք է հետ վերցնի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, այլև տարածքային պահանջներ ներկայացնի Թուրքիային:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդի խոսքով, ժամանակն է, որ պաշտոնական Երևանը կտրուկ փոխի դիվանագիտությունը․ - «Միայն սգալ, միայն պետություններից պահանջել ուղղակի Ցեղասպանության ճանաչում, կարծում եմ, դա արդյունավետ չէ: Մենք ոչ թե պետք է պահանջենք ճանաչում, այլ պետք է պահանջենք ճանաչում մեր իրավունքների և հատուցում մեզ պատճառված վնասների: Դրանք և՛ նյութական են, և՛ բարոյական են, և՛ տարածքային: Մեր տարածքային ամբողջականության վերականգնում պետք է պահանջեքն: Մենք չպետք է այլևս լռենք: Մինչդեռ այս քսանհինգ տարիների ընթացքում, կարող եմ ասել, միանշանակ մենք միայն լռել ենք»:

Փոստանջյանը հիշեցրեց, որ հեղինակել է երեք օրինագիծ, որոնցից առաջինն ամրագրում է՝ Թուրքիան բռնազավթել է Հայաստանի տարածքները․ - «Երկրորդը վերաբերում է քեմալաբոլշևիկյան գործարքին, համաձայն որի, նաև մեր հայրենի տարածքները ուղղակի նվիրաբերվել են Թուրքիային, և այդ գործարքի նաև ապօրինությանն է վերաբերում: Եվ երրորդը վերաբերում է բնիկ ժողովուրդների իրավունքներին․ մենք՝ հայերս, բնիկ ժողովուրդ ենք այս տարածքի, տարածքը մեզ է պատկանում, մեր տարածքը դա երկիր ծիրանին է, Հայկական բարձրավարդակը՝ իր հարակից տարածքներով:

Ինչպե՞ս է Երևանը Անկարային պարտադրելու զիջումներ, երբ Էրդողանն անգամ Արևմուտքի հետ հաշվի չի նստում: Փոստանջյանն ասում է պետք է նկատի ունենալ, որ վերջին հանրաքվեով Թուրքիայում բռնապետությունն է ամրապնդվել․- «Մենք տեսնում ենք այս հինգ, վեց, յոթ տարիների ընթացքում, թե ինչպես են այդպիսի պետությունների բռնապետերը նաև ձախողվում և վերջը ինչ է նրանց հետ տեղի ունենում: Տեսել ենք, թե Քադաֆիի հետ ինչ տեղի ունեցավ: Սա սպասվում է նաև Թուրքիային և Թուրքիայի այդ սուլթանին՝ Էրդողանին»:

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես»-ում միայն Հայաստանի ուժեղացմամբ են պայմանավորում Թուրքիային ինչ-որ բան պարտադրելը: Բայց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը լավատես չէ․ - «Չեն կարողացել ճանաչել տալ: Միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր: Այլ լուծում չկա․․․ Մինչդեռ Հայաստանը չի գնում այդ ճանապարհով: Այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել են այսօր, ուղղակի ողբերգական է: Տասը տարի առաջ էս ճանապարհը մենք անցնում էինք երկու-երկուևկես ժամում: Մենք էսօր էդ ճանապարհը անցել ենք քսանհինգ րոպեում․․․ Հայաստանում ժողովուրդ չի մնացել»:

Առաջին նախագահն այսօր չէր եկել Ծիծեռնակաբերդ: Քարոզարշավին նրա ընդդիմախոսները խաղաղության, հաշտության ու բարիդրացիության կարգախոսը պարտվողական էին որակում:

Այդ առնչությամբ Մանուկյանն ասաց․ - «Զիջողականը ո՞րն է․․․ որ ասում ենք Հայաստանը զարգացնենք, հայերին հե՞տ բերենք․․․ և խաղաղությո՞ւն հաստատենք... Ես չասեցի հաշտվել [Թուրքիայի հետ], ես ասեցի՝ տնտեսական հարաբերություններ ունենալ: Իսկ չորս հարևանների հետ թշնամական հարաբերություններ ունենալ, դա Հայաստանի զարգացման հեռանկա՞րն է: Երբե՛ք»:

Ընդդիմադիր մեկ այլ ուժ՝ «Ելք» դաշինքը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններին կողմ է: Միայն թե պայմանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիան ինքն է առաջ քաշում․ - «Էսօրվա ամենակարևոր խոչընդոտը հարաբերությունների կարգավորման Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված: Որովհետև նա հարցը դիտարկում է փաթեթի մեջ՝ Ղարաբաղի հարցի հետ կապված: Բայց, համաձայնեք, երկու անկախ պետությունների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»:

Փաշինյանն ինքնախաբեություն է համարում հույսերը, թե մոտ ապագայում Երևանն ու Անկարան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն․ - «Էրդողանի քաղաքական քայլերը և գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան իր դիրքորոշումը կփոխի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG