Մատչելիության հղումներ

Կոլումբիացի զինյալների հայ գերին փախել է՝ զինաթափելով նրանցից մեկին և վիրավորելով վեցին


Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» խմբավորման զինյալներ, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացուն Կոլումբիայում հաջողվել է փախչել իրեն պատանդ պահող զինյալներից՝ զինաթափելով նրանցից մեկին, կրակ բացելով ու վիրավորելով վեցին: Այդ մասին, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդել է Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը:

Ապստամբները տղամարդուն, որին ներկայացնում են որպես Արսեն Լևոնի Ոսկանյա(ն), տեղափոխում էին երկրի Չոկո շրջան, իրենց պնդմամբ՝ ազատ արձակելու, սակայն նա ինքն է փախուստի դիմել: Ըստ զինյալների՝ Ոսկանյանը նույնպես վիրավորվել է, և հայտնի չէ, թե որտեղ է նա այժմ:

ELN-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ թունավոր գորտեր էր որսում վաճառելու համար: Զինյալները, խմբավորման հավաստմամբ, պատրաստվում էին ազատ արձակել նրան Ռուսաստանի դեսպանատան հորդորով և հանձնելու էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:

Թեև Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը ELN-ին կոչ է արել վերջ տալ փրկագին կորզելու համար առևանգումներին, նա խմբավորման հետ խաղաղ բանակցությունների առաջին փուլը սկսել է փետրվարին, իսկ ապրիլի 6-ին ականազերծման պիլոտային նախագիծ սկսելու համաձայնություն է ձեռք բերվել, նշում է France-Presse-ը:

«Ազգային ազատագրման բանակը» Կոլումբիայում ակտիվ գործող վերջին ձախ խմբավորումն է կառավարության և ավելի խոշոր «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» միջև խաղաղ համաձայնության կնքումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG