Մատչելիության հղումներ

105-ամյա Լուսիկ Անդրեասյանը գաղթի ճամփան իր աչքերով է տեսել


Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուսիկ Անդրեասյանը, ապրիլ, 2017 թ․
Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուսիկ Անդրեասյանը, ապրիլ, 2017 թ․

105-ամյա Լուսիկ Անդրեասյանը Եղեռնը տեսած միակ մարդն է մնացել Լոռու մարզում։ Ընդամենը 3 տարեկան էր, երբ սկսվել է հայերի սպանդը: Շատ բան ծնողների պատմածներից է հիշում, բայց գաղթի ճամփան իր աչքերով է տեսել:

«Սաղ լցրել են հորը՝ եղը, հորթերը, գառները, հավերը, լցրել են հորը, մեծ տուն էր, լցրին հորն ու թողին-փախան: Մի հատ կով առան էկան, էնքան, որ էրեխեքը ապրեն: Փախանք Հայաստան: Մորթում էին, մորթում: Գազան էին կտրել: Լավ-վատ չէին ասում: Չէին ասում ՝ էրեխայա, մեղկ ա, դրանց խիղճ չկար, հոգի չունեն, դանակն առել կտրտում էին, դրանց քովն ով՞ կապրի...»,- մորմոքված պատմում է ցեղասպանությունը վերապրած կինը:

Ասում է՝ Հայաստանում հաստատվելուց հետո վատ չի ապրել, անգամ իրեն բախտավոր մարդ է համարում։ Հույս ունի, դեռ էլի է ապրելու, առնվազն 10 տարի։ Թեև տեսողությունը լրիվ կորցրել է ու յոթ ամիս առաջ ոտքը կոտրելուց հետո չի կարողանում տեղաշարժվել, բայց առողջությունից չի դժգոհում։ «Մի վախտ լավ էի, ուտում-խմում, ման էի գալիս ժողովրդի մեջը, հիմա աչքերս չեն տենում, խեղճցել եմ»:

Առանձնահատուկ սիրով է խոսում ամուսնու մասին, ով դեռ երիտասարդ տարիքում ավտովթարից մահացել է։ Ասում է՝ սիրով ամուսիններ էին․ «Ինքը դաս էր տալիս... էդքան աղջկա մեջ եկավ ինձ սիրեց»։ Ամուսինն իրեն ընտրելու պատճառներ ուներ, ասում է Լուսիկ Անդրեասյանն ու թվարկում իր առավելությունները․ «Պահ, քո տունը շինվի, քանի խալխը քնած տեղեն ելնում էր, ես իմ գործը արել պրծել էի, բա: Գնա քննե իմացի՝ տես ինչ կնիկ եմ էղել ես, լավ, շնորքով, հարգված»:

Լուսիկ Անդրեասյանին իր 80-ամյա դուստրը՝ Ծաղիկն է խնամում։ Լսողությունը գրեթե լիովին կորցրած Ծաղիկն առանձնահատուկ սիրով է խնամում անկողնուն գամված մորը և չի զլանում տան ամենածանր գործերն էլ գլուխ բերել։ «Լավ եմ պահում, ես իրան շատ-շատ եմ սիրում, չափից դուրս եմ սիրում: Էն մանկությունից իմ մամայի հետ մերված եմ եղել: Որ ինքը մի տեղ էր գնում, ուշանում էր, ասում էի՝ Աստված ջան, ի՞նչ անեմ, ուշանում ա: Կարոտում էի մամայիս»,- պատմում է տիկին Ծաղիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG