Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Մակրոնը և Լը Պենը


Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Էմանյուել Մակրոն և Մարին Լը Պեն

Կիրակի օրը Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ կենտրոնամետ թեկնածու Էմանյուել Մակրոնը քվեների 23․87 տոկոսով գտնվում է առաջին տեղում, նրան հաջորդում է «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը՝ 21․43 տոկոսով: Մյուս հիմնական թեկնածուները՝ աջ Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը և ծայրահեղ ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը համապատասխանաբար մոտ 19 և 18 տոկոսով դուրս մնացին հետագա ընտրապայքարից:

Թե՛ հաղթած և թե՛ պարտված թեկնածուները երեկոյան հանդես եկան հեռուստատեսությամբ, ողջունեցին իրենց ընտրողներին: Ֆրանսուա Ֆիյոնը կոչ ուղղեց իր ընտրողներին՝ երկրորդ փուլում ձայն տալ Էմանյուել Մակրոնին:

Այժմ, ինչպես նշում են վերլուծաբանները, ընտրողների գլխավոր խնդիրը Մարին Լը Պենի առաջխաղացումը կանխելն է և Էմանյուել Մակրոնի վերջնական հաղթանակը ապահովելը, քանի որ Լը Պենի գլխավոր նպատակը Ֆրանսիան Եվրամիությունից դուրս բերելն է, ինչը շատ մեծ ցնցումներ կարող է առաջացնել երկրում և ամբողջ Եվրոպայում:

Ինչ վերաբերում է Հայաստանի և ֆրանսահայ համայնքի հանդեպ Մակրոնի որդեգրելիք քաղաքականությանը՝ կարելի է կարծել, որ նա կշարունակի այժմյան նախագահի՝ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունը: Վերջերս պատասխանելով Les Nouvelles d'Armenie հանդեսի հարցերին՝ թեկնածուն ասել է, թե Ֆրանսիան և Հայաստանը արդեն շատ բարեկամ երկրներ են, և ինքը ցանկանում է նախագահ ընտրվելու դեպքում այդ բարեկամությունը է՛լ ավելի ամրապնդել: «Ես հիացած եմ հայկական համայնքով, որը կարողացել է ինտեգրվել հանրապետության կյանքում՝ միաժամանակ պահպանելով իր մշակույթը», - հայտարարել է Մակրոնը և ընդգծել, որ պետք է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը հասնելու համար:

Երեկ ոչ ուղղակիորեն իր՝ Մակրոնի, այլ նրա շրջապատի անձանցից մեկի կողմից ասվեց, թե հավանական է, որ այսօր Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ներկա գտնվի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը, որ կայանալու է Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ: Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ պետք է ներկա գտնվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG