Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

«Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքահայ կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ: 1915 թվականի ապրիլի 24-ին հազարամյակներով չափվող հայոց պատմությունը բաժանվեց երկու մասի` մինչև այդ ողբերգական տարեթիվը և դրանից հետո: Հրաշքով փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ` դառնալով սփյուռքահայություն: Հայության նյութական, մշակութային և քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինավուրց, հարուստ և ինքնատիպ քաղաքակրթության»:

«Մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով` հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը: 1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում և գիտենք, որ հաղթել ենք մահին: Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու», - ընդգծում է Սերժ Սարգսյանը իր ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Հայ ժողովրդի վերածնունդն իրականություն է, և այն իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ: Հայոց պետականության վերականգնումը հայրենի հողի վրա իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ, հայ մշակույթի և գիտության վերազարթոնքն իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ: Այս ընթացքում մենք աշխարհին պարգևեցինք ստեղծագործ մտքի հանճարների մի ամբողջ աստղաբույլ: Նաև մեծանուն հայերի միջոցով աշխարհը տեղեկացավ, թե ինչ է կատարվել մեզ հետ և իմացավ, որ նրանք զավակներն են բնաջնջման եզրին հայտնված ազգի», - ասված է ուղերձում: - «Այո՛, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում, բայց եթե դեպի կյանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մեջ ուժ ենք գտել նման մեծագործությունների, ապա անկախ պետականության պայմաններում՝ 21-րդ դարում ի զորու կլինենք անելու ավելին»:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ հուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում և արտերկրում: Հիշենք, որ այս ամենամյա երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ», - շեշտում է Հայաստանի նախագահն իր ուղերձում:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Ուղերձում, որի տեքստը հրապարակված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես ասված է․ - «1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկը: <...> Սակայն հայ ժողովուրդն իր անսասան հավատքի, տոկունության, հայրենիքի նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության շնորհիվ կարողացավ դիմակայել այդ սարսափելի արհավիրքին: Մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում կրկին վեր խոյացավ հայոց եռագույնը, և այսօր ունենք ազատ, անկախ ու ինքնիշխան Մայր Հայաստան և Արցախի Հանրապետություն: Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, ովքեր ապաստան գտան երկրագնդի տարբեր ծայրերում, ձևավորեցին հզոր սփյուռք, որն ապրում է հայրենիքի հոգսերով և հանդիսանում է մեր պետականության կարևորագույն հենասյուներից մեկը»:

«Հայ ժողովրդի հիշողությունից երբեք չի ջնջվի Մեծ եղեռնը: Մենք հաստատակամորեն շարունակելու ենք պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և նրա ժխտումը դատապարտելու համար: Վաղեմության ժամկետ չունեցող այս ոճիրը չպետք է մոռանա նաև քաղաքակիրթ աշխարհը: Մոռացությունն ու անտարբերությունն այստեղ ինքնին հանցագործություն են և նպաստում են ապագայում նոր ոճրագործությունների իրականացմանը», - ընդգծում է Բակո Սահակյանն իր ուղերձում:

«Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը՝ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության ամենահուսալի գրավականը ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետականությունն է, մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, որոնց ամրապնդման, զարգացման ու զորացման համար կանենք ամեն ինչ», - ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի ուղերձում:

Աշխարհի շուրջ երկուևկես տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 45-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG