Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի հողատերերը կառավարության տրամադրած սերմացուի դիմաց շուրջ 100 միլիոն դրամի պարտք են կուտակել։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն «Ազատությանը»փոխանցեց, որ մարզային իշխանությունները դատական ճանապարհով կգանձեն գումարը։

«Այն համայնքները, որոնք նախորդ տարիներին վարկային կարգով տրված ցորենի ուղղությամբ ունեն պետությանը պարտք, այդ հարցը լուծվելու է դատական կարգով։ Արդեն մոտ 20 միլիոնի չափ վճարման կարգադրություն է եղել դատական կարգով։ Մենք արդեն 12 համայնքի մոտ 80 շահառուների ենք դատի տվել», - ասաց Մանուկյանը։

Կառավարությունը վերջին տարիներին հացահատիկի ցանքատարածությունների ավելացմանն ուղղված ծրագիր էր իրականացնում: Գյուղացուն սերմացու էր տրամադրում՝ բերք հավաքելուց հետո մեկին՝ երկուս վերադարձնելու պայմանով: Անցած տարի, սակայն, այդ ծրագիրը կասեցվեց: Պատճառներից մեկը գյուղացիներից շատերի՝ տարիներով կուտակած պարտքն էր։

Այս տարի կառավարությունը շարունակելու է սերմացուի տրամադրումը, սակայն փոխել է խաղի կանոնները: Սեմացուն կտրամադրվի միայն կանխիկ վճարելուց հետո:

«Վճարում կատարելուց հետո շահառուների ցանկն ուղարկվում է գյուղատնտեսության նախարարություն, իրենք ստուգում են, և միայն դրանից հետո է թույլատրվում տալ։ Հիմա ուղղակի վաճառք է կատարվելու, պարզապես ցածր գներով։ Եթե շուկայում գարնանացան գարու սերմն արժի 180-200 դրամ, պետությունը տալիս է 130 դրամով։ Կորնգանն արժի 500-550 դրամ, պետությունը տալիս է 370 դրամով», - ընդգծեց Մովսես Մանուկյանը։

Նույն սկզբունքով է տրամադրվում նաև պարարտանյութը, սակայն միայն նախորդ տարիների պարտքը վճարելուց հետո։

Չնայած այն հանգամանքին, որ անցած տարի Շիրակի մարզում հացահատիկի առատ բերք գրանցվեց ու ակնկալվում էր, որ գյուղացին կավելացնի ցանքատարածությունները, սակայն իրականում հակառակն է տեղի ունեցել: Այս տարի մարզում զգալիորեն նվազել են աշնանացանի ցանքատարածությունները՝ շուրջ 2500 հեկտարով: Մովսես Մանուկյանի կարծիքով՝ այստեղ ոչ թե սերմացուի պակասն է դեր խաղացել, այլ պարզապես գյուղացին ֆինանսական խնդիրներ է ունեցել:

«Այսինքն՝ մարդը գումար չի ունեցել, որ մշակի հողը նախնական։ Էնտեղ բավականին գումար է առաջանում, որ էդ մարդը պետք է ունենա, բայց ես կարող եմ ասել, որ 90 տոկոսը սերմացու ունեցել է, խնդիրը սերմացուի հետ չէ կապված», - ասաց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը։

Գերխնդիրը մնում է գյուղտեխնիկան: Հացահատիկի կոմբայնները հասցնում են բերքը հավաքել, սակայն դրանց մաշվածության հետևանքով հողատերերը զգալի կորուստ են կրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG