Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանու նիստերի օրինականությունը կվիճարկվի Սահմանադրական դատարանում


Վանաձորի ավագանու նիստ, 18-ը ապրիլի, 2017թ․
Վանաձորի ավագանու նիստ, 18-ը ապրիլի, 2017թ․

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վանաձորի ավագանու մեծամասնության բացակայությամբ կայացած նիստերի օրինականությունը։

Ավագանիում 10 մանդատ ունեցող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը շուրջ 6 ամիս բոյկոտել է ավագանու նիստերը, անօրինական է համարում մարտի 31-ին և ապրիլի 18-ին տեղի ունեցած նիստերը և դրանց ընթացքում ընդունված որոշումները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը նշում է, թե քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն օգտվում է ընդդիմության բացակայությունից և իր աջակիցների հետ կարևորագույն հարցերի մասին որոշումներ ընդունում առանց լուրջ քննարկումների։

Մասնավորապես գրեթե ամսվա չկայացող նիստերից հետո խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 31-ին կայացած նիստում ընդունվել են քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակն ու դրույքաչափերը։

Եթե նախորդ տարիներին քաղաքապետարանն ունեցել է 161 աշխատող, ապա այս տարի աշխատակազմը ավելացել է։ Քրիստ Մարուքյանն ասում է. - «Մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է բյուջեից սնվում 178 մարդ և ինչ ծառայություններ են նրանք իրականացնում, որովհետև Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ձևավորվել էին ՏԻՄ-եր, քաղաքապետարանում աշխատում էր ընդամենը 61 մարդ։ Այդ 61 մարդը սպասարկում էր՝ այն ժամանակ Վանաձորի բնակչությունը կազմում էր մոտ 120-130 հազար մարդ։ Հիմա Վանաձորի բնակչությունը դարձել է 65-70 հազար մարդ, բայց նրանց սպասարկում են, իբր թե, 161 կամ 178 մարդ։ Դա որևէ կերպ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ «Այսինքն, մենք նախկին տարիներին գործ ենք ունեցել մարդկանց գործի տեղավորելու, լավություն անելու հետ և այնտեղ կան բաժիններ, որոնք շատ անարդյունավետ են աշխատում, քանի որ մի գործընթացը բաժանված է 7-8-10 մասի, որպեսզի յուրաքանչյուրը ինչ-որ գործ ունենա անելու և ստանա աշխատավարձ քաղաքի բյուջեի հաշվին»։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ կառավարման օպտիմալացում խոստացած հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հակադարձում է. - «Հիմա սեղմում ենք։ Միայն քաղաքապետարանի աշխատակազմը չէ մեր աշխատողների քանակը։ Մենք ունենք մոտ 1200 աշխատողներ տարբեր ՊՈԱԿ-ներում ու կազմակերպություններում, հիմա աշխատում ենք ՊՈԱԿ-ների հաստիքացուցակների վրա և դուք ապագայում կտեսնեք կրճատումների որակը և դրանց տնտեսական արդյունավետությունը քաղաքի բյուջեի վրա»։

Մարուքյանը բերում նաև նաև, ըստ իրենց ապօրինի որոշումների այլ օրինակներ։ Մասնավորապես ասում է, որ Մամիկոն Ասլանյանը ավագանու փոքրամասնությանն է ներկայացրել քաղաքապետի տեղակալի իր թեկնածուին և ավագանու ներկա կազմը հաստատել է այն։ Մարուքյանը մեջբերում է օրենքի համապատասխան պահանջը, ըստ որի համայնքի ղեկավարի տեղակալներին նշանակում է ավագանին՝ ձայների մեծամասնությամբ: Օրենքը նաև համայնքի ղեկավարին թույլ է տալիս նշանակել տեղակալի իր թեկնածուին, եթե ավագանին երկու անգամ չի հաստատում այն։

«Երկու անգամ երբ որ նիստ չի գումարվել և ընդհանրապես 6 ամիսների ընթացքում նիստ չի գումարվել, դա ինքը նույնացրել է ավագանու կողմից քննարկելու և չհաստատելու հետ ու դրանով հիմնավորում է, որ՝ երկու անգամ ներկայացրել եմ, չի հաստատել, ես հիմա իրավունք ունեմ նշանակելու առաջին տեղակալ։ Այսինքն, էլի գործ ունենք ինքնիրավչության հետ և օրենքի կամայական մեկնաբանության հետ», - փաստում է ավագանու ընդդիմադիր անդամը։

Քաղաքապետն այս պնդումը ևս անհիմն է համարում․ - «Մենք պարզաբանումներ ունենք ստացած, ես նաև իրավաբան եմ, դրան գումարած՝ իրավաբանական խորհրդատվություններ ունեմ, որ եթե նիստեր չեն կայանում, կարելի է դա դիտել, որ չի քվեարկվել»։

«Լուսավոր Հայաստանն» այժմ պատրաստում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումը։ Քրիստ Մարուքյանն ասում է՝ պատրաստ լինելուն պես իրենց պահանջներին միանալու հարցը կքննարկեն «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամների հետ, ովքեր ևս բոյկոտում են ավագանու նիստերը։

Հիշեցնենք, անցած տարվա հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո կոալիցա կազմած Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունները չկարողացան մեծամասնություն ունենալ Վանաձորի ավագանու կազմում, մինչդեռ, փակ-գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրելիս, ընդդիմադիր ճակատ կազմած 3 խմբակցությունների 18 անդամներից 4-ը Հանրապետականի թեկնածուի օգտին քվեարկեցին։ Դա իրարանցում առաջացրեց խմբակցությունների մեջ, բայց այդպես էլ չպարզվեց՝ ովքեր են իրենց խմբակցություններից գաղտնի ընտրել մրցակից կուսակցության թեկնածուին։ Դրանից հետո «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» իշխանական խմբակցությունից պահանջեցին թվարկել այն 19 մանդատների հետևում կանգնած անձանց, որոնց շնորհիվ Մամիկոն Ասլանյանը դարձավ քաղաքապետ։ Պահանջը չկատարվեց և ընդդիմությունը որոշեց բոյկոտել նիստերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG