Մատչելիության հղումներ

Բելառուսի դեսպան․ Ինձ համար Լապշինը 7.5 միլիարդ մարդկանցից մեկն է ընդամենը


Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, արխիվ

Երևանում Բելառուսի դեսպանի խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը հնարավոր է դարձել միայն դաշինքի անդամ բոլոր երկրների համաձայնությամբ:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Իգոր Նազարուկին հիշեցրեցինք վերջին շրջանում հայ-բելառուսական հարաբերություններում ի հայտ եկած խնդիրները․ Մինսկի ու Բաքվի աննախադեպ ջերմացած հարաբերությունները, Լապշինի գործը և որ անցած տարվա դեկտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովում նախագահ Լուկաշենկոյի բացակայությունն էր այն խոչընդոտը, որ թույլ չտվեց Հայաստանի ներկայացուցչին ընտրվել դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Ես կասեի ճիշտ հակառակը՝ մենք լավ առևտրաշրջանառություն ունենք, առկա է լավ, ակտիվ համագործակցություն մի շարք ծրագրերի մասով: Ես, իհարկե, չեմ իդեալականացնում: Ե՛վ Մինսկում ձեր դեսպանատունը, և՛ Երևանում մեր դեսպանատունը այն նպատակով են, որ տարբեր նախագծերը ոչ թե հետ գնան, այլ՝ առաջ, և ամենակարևորը՝ մենք չենք բավարարվում ձեռք բերվածով և այժմ պատրաստվում ենք առևտրատնտեսական հանձնաժողովի հերթական նիստին, համագործակցում են մեր գիտատեխնիկական շրջանակները», - նշեց Իգոր Նազարուկը: - «Դուք անզգուշություն ունեցաք խոսել ինչ-որ հարցերի մասին, իսկ ես ձեզ կհիշեցնեմ, որ, օրինակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այս կամ այն երկրի ներկայացուցչի ընտրությունը կոնսենսուսի արդյունք է, և ոչ թե ձայների մեծամասնությամբ կայացված որոշում: Ուստի, մի խտացրեք գույները», - հավելեց դեսպանը:

Մոտ երկու շաբաթ առաջ Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչը վերջապես՝ շուրջ մեկ ու կես տարվա անհաջող փորձերից հետո, ընտրվեց դաշինքի գլխավոր քարտուղար: Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մայիսի 2-ից Մոսկվայում կանցնի իր պարտականությունների կատարմանը:

2003թ․-ից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան, ով դեռ անցած տարվա հունվարի 1-ից պետք է թողներ պաշտոնը և կազմակերպության ղեկավարումը ռոտացիոն կարգով պետք է անցներ Հայաստանին, սակայն 2015թ․ դեկտեմբերին անակնկալ որոշում կայացվեց՝ Բորդյուժայի լիազորությունները երկարաձգել ևս մեկ տարով: Լրատվամիջոցները սկսեցին գրել ՀԱՊԿ-ում առաջացած հակասությունների մասին, թե՝ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ղազախստանն ու Բելառուսը ընդդիմանում են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի ընտրությանը:

Անցած տարվա հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովը դարձյալ արդյունք չտվեց, Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեց դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նաև անցած տարվա դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում կայացած կազմակերպության գագաթնաժողովում, որին հրաժարվեց մասնակցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխարենը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները այս հունվարի 1-ից փոխանցվեցին Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովին՝ անորոշ՛ ժամանակահատվածով:

Այս ամենի ֆոնին անցած տարին առանձնացավ բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների աննախադեպ ջերմացմամբ: 2016թ․ նոյեմբերի վերջին Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգևատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգևով՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ինչին ի պատասխան՝ Հայաստանի դաշնակից համարվող երկրի ղեկավարը խոստացավ վաստակել այն կրելու իրավունքը:

Այս պարգևատրումից ընդամենը երկու շաբաթ անց Մինսկում Ադրբեջանի իշխանությունների պահանջով ձերբակալվեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով 2011թ․ ապրիլին և 2012թ․ հոկտեմբերին այցելել էր Արցախ և ում Բաքվում մեղադրում են Ադրբեջանի սահմանը ապօրինաբար խախտելու մեջ: Չնայած Հայաստանի գործադրած ջանքերին, այս փետրվարին Լապշինը արտահանձնվեց Ադրբեջան և մինչ օրս Բաքվի բանտերից մեկում է:

Այսօր Բելառուսի դեսպանին հարցրեցինք՝ Լուկաշենկոյի այցը Բաքու և Լապշինի գործը ի՞նչ ազդեցություն թողեցին հայ-բելառուսական հարաբերությունների վրա․ - «Համառորեն շարունակում եք հարցեր տալ մի մարդու մասին, ով որևէ կապ չունի Հայաստանի հետ: Նա մի շարք երկրների քաղաքացի է, Հայաստանի քաղաքացիություն չունի, ուստի չեմ կարող քննարկել 7.5 միլիարդ մարդկանցից մեկին և նման ուշադրություն հատկացնել նրան»:

Նազարուկը այլևս չցանկացավ խոսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG