Մատչելիության հղումներ

Վայոմինգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգը


Վայոմինգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 45-րդ նահանգը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակը:

«Թե՛ Հայոց, և թե՛ Հրեական ցեղասպանությունների վայրագությունները աներևեկայելի էին», - ասել է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակին ուղղված նամակում, դրանով իսկ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և այն հավասարեցնելով Հրեաների ողջակիզմանը։ - «Կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան՝ պատմության կրկնությունը անթույլատրելի է», - հավելել է նահանգապետը։

Մեթյու Միդը նաև դրվատանքի խոսքեր է շռայլել հայկական կազմակերպության հասցեին,նշելով՝ «Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքը ոգևորիչ է»։ Վայոմինգի նահանգապետը նաև զորակցություն է հայտնել հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ։

Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունել է նահանգապետի հայտարարությունը։ - «Շնորհակալություն ենք հայտնում Վայոմինգի նահանգապետին պատմական ճշմարտության կողքին կանգնելու և իր ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի կոչերին միացնելու համար», - ասել է Հովսեփյանը։

Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Վայոմինգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դեր են խաղացել կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր այս տարի ավելի վաղ հանդիպում էին ունեցել նահանգապետի հետ, ինչի մասին Մեթյու Միդը ևս հիշատակել է իր նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG