Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն․ «Ոստիկանությունը կոպտագույնս խախտել է մարդու իրավունքները»


Ակտիվիստները լուսանկարներ և պաստառներ փակցրեցին զեկույց ներկայացնող օմբուդսմենի սեղանին, Երևան, 21-ը ապրիլի, 2017 թ․
Ակտիվիստները լուսանկարներ և պաստառներ փակցրեցին զեկույց ներկայացնող օմբուդսմենի սեղանին, Երևան, 21-ը ապրիլի, 2017 թ․

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի ներկայացումն այսօր ընդմիջվեց մի խումբ ակտիվիստների բողոքի գործողությամբ:

Անցած տարի հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանների կողմից «կոպտագույնս» խախտվել են մարդու իրավունքները: Այսօր հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ կազմված արտահերթ զեկույցը ներկայացնելիս, այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Տեղի ունեցավ, իհարկե, բնույթով աննախադեպ իրադարձություն, որը խնդրահարույց էր մարդու իրավունքների տեսանկյունից: Հուլիսյան իրադարձությունների ընթացքում արձանագրվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, մասնավորապես, ոստիկանության կողմից թույլ տրվեցին հավաքից ապօրինի բերման ենթարկելու դեպքեր, արձանագրվեցին բռնություններ, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու ակնհայտ դեպքեր»,- թվարկեց օմբուդսմենը:

Զեկույցի ներկայացման ընթացքում մի խումբ երիտասարդներ ներխուժեցին սրահ և Թաթոյանի սեղանին փակցրեցին հուլիսյան դեպքերը պատկերող մի քանի լուսանկար: Դրանցից մեկում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանն էր պատկերված՝ մի ձեռքին նռնակ, մյուսում՝ հիվանդանոցի մահճակալին պառկած, վիրավոր երիտասարդ: Ակտիվիստների բերած պաստառի վրա էլ գրված էր՝ «ՀՀԿ մարդու իրավունքների պաշտպան»:

Փակցված թղթերն արագորեն հեռացվեցին, Թաթոյանն էլ, անդրադառնալով այդ գործողությանը, ասաց՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ:

Հարցին, թե ինչու է անկախ կառույցի ղեկավարը նույնացվում հենց իշխող կուսկացության հետ՝ Թաթոյանը պատասխանեց․ «Ինձ համար նշանակություն չունի՝ կուսակցություն, չգիտեմ, մարդկանց խումբ և այլն: Ես ընտրվել եմ երկրի խորհրդարանի կողմից՝ ամենալայն լեգիտիմությամբ, դրա համար նաև դա ինձ հնարավորություն տվեց՝ այսօր լինել շատ խիստ իմ գնահատականներում:

Հետևողական եմ լինելու մինչև վերջ, ուզում է Հանրապետական կուսակցություն լինի, ուզում է․․․չգիտեմ, ցանկացած: Այն, որ Հանրապետական կուսակցությունն ինձ առաջադրել էր, ոչ մի նշանակություն չունի: Ի՞նչ է նշանակում, ես հիմա ընտրվել եմ, աշխատում եմ այս պաշտոնում, հիմա ես ինքս տանում եմ ինձ ու այս ինստիտուտը ինքնավարկաբեկման, որ սկսեմ կուսակցական շահեր պաշտպանե՞լ, բացառվում է նման բան»:

Բողոքի այս գործողությունը հաջորդում է օրեր առաջ Թաթոյանի արած մի հայտարարությանը: Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերի մասին խոսելիս, օմբուդսմենը, մասնավորապես, ասել էր՝ քաղաքացիների երթը Սարի թաղ չէր կարող խաղաղ նպատակ ունենալ: Չնայած ոստիկանների հասցեին այսօր հնչեցրած խիստ գնահատականներին, Թաթոյանն այսօր ենթադրություն արեց, թե Սարի թաղի դեպքերի ժամանակ իրավապահների գործողությունները կարող էին նաև «շփոթվածության հետևանք» լինել․ «Ոստիկանությունն ակնհայտ աննախադեպ իրավիճակում էր և, կարելի է ասել, շփոթված՝ այդ առումով»:

Թաթոյանը չընդունեց պնդումները, թե Սարի թաղի դեպքերի մասին ավելի վաղ արած իր հայտարարությունը կարող է ընկալվել որպես ուղղորդող: «Դուք պատկերացնու՞մ եք՝ եթե ես հանկարծ առաջնորդվեմ այն սկզբունքով, որ նախաքննության ընթացքը կանխորոշեմ: Էդ նշանակում է սա ջուր է՝ նախաքննական մարմնի ջրաղացին, որովհետև հիմա էլ իրենք կասեն․ գիտես ինչ կա՝ ոստիկանների գործողություններին ինչու՞ ես գնահատական տալիս, քրեական գործ է ընթանում, սպասի, թող քրեական գործն ավարտվի, գնահատականներ կտաս: Էդ դեպքում ստացվում է՝ պոտենցիալ առումով, ես ոչ մի բան չպիտի գնահատեմ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Մինչդեռ, Թաթոյանը նույն վստահությամբ չցանկացավ գնահատական տալ Սարի թաղի դեպքերի գործով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացնելու՝ նախաքննական մարմնի որոշմանը: Ընդդիմադիր գործչին մեղսագրվող՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին հոդվածին իրավապահներն ավելացրել են նաև կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի, պատանդ վերցնելու փորձի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու փորձի մեղադրանքներ:

«Գրություններ եմ հասցեագրել գլխավոր դատախազություն՝ առաջարկելով քննարկել իրենց նշած հանգամանքները, փաստաբանների նշած տվյալները, և այդ առումով՝ քանի դեռ կոնկրետ քննություն է ընթանում, հիմա ես գնահատական չեմ կարող տալ»,- միայն ասաց ՄԻՊ-ը:

Նրա ներկայացրած այսօրվա զեկույցում նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծն այդ օրերին հարյուրավոր ահազանգեր է ստացել մարդկանց ազատությունից զրկելու, փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու և այլ խախտումների վերաբերյալ: Թաթոյանն ընդունեց՝ պետությունը խնդիր ունի ապացուցելու, թե ինչու էին մարդիկ բերման ենթարկվում ոտիականության բաժանմունքներ:

Բաց են մնում նաև հետևյալ հարցերը՝ ովքեր էին այն քաղաքացիական հագուստով անձիք, որոնք բռնություն էին գործադրում ցուցարարների և լրագրողների նկատմամբ, ինչու մինչև հիմա այդ փաստերի առնչությամբ չկան քրեական հետապնդման ենթարկված մարդիկ:

Զեկույցում հատուկ ուշադրություն է հրավիրվում նաև ոստիկանության կողմից հատուկ միջոցների «անհամաչափ» կիրառման վրա: «Նաև ոստիկանության կողմից գործադրված հատուկ միջոցներն էին, որ հանգեցրեցին վնասների: Թե՛ Սարի թաղի բնակիչների տների հետ կապված, թե՛ նաև լրագրողների, ցուցարարների: Եթե պատասխանատվության ենթարկված մարդիկ չլինեն, մեծ է վտանգը, որ այդ խախտումները նաև հետագայում կշարունակվեն»,- ասաց Արման Թաթոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG