Մատչելիության հղումներ

Հարձակում Փարիզի կենտրոնում՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախաշեմին


Ֆրանսիա - Ոստիկանությունը պարեկություն է իրականացնում դեպքի վայրում, Փարիզ, 20-ը ապրիլի, 2017թ․
Ֆրանսիա - Ոստիկանությունը պարեկություն է իրականացնում դեպքի վայրում, Փարիզ, 20-ը ապրիլի, 2017թ․

«Իսլամական պետություն»-ը (ԻՊ) ստանձնել է երեկ երեկոյան Փարիզում իրականացված հարձակման պատասխանատվությունը: Այս մասին ահաբեկչական խմբավորումը հայտնում է իր հետ կապ ունեցող «Ամաք» կայքով:

Հինգշաբթի երեկոյան Փարիզի կենտրոնում ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել Ելիսեյան դաշտերում՝ Շանզ-Էլիզեում պարեկություն անող ոստիկանների վրա: Ոստիկաններից մեկը զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել: Հարձակվողը փորձել է փախչել, բայց ոստիկանների պատասխան կրակոցներից սպանվել է:

Միջադեպի որոշ մանրամասներ մամուլի ասուլիսում հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հարձակման ժամանակ թեթև վիրավորվել է նաև մի զբոսաշրջիկ, չհստակեցնելով, թե վիրավորված կինը որ երկրի քաղաքացի է:

France 24-ը որոշ մանրամասներ է հաղորդում՝ հինգշաբթի երեկոյան ժամը 21-ի սահմաններում հարձակվողը իր վարած ավտոմեքենան կանգնեցրել է ոստիկանների միկրոավտոբուսի մոտ ու դուրս գալով մեքենայից՝ կրակ բացել նրանց վրա:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համոզմունք է հայտնել, որ հարձակումը ահաբեկչություն է, դատապարտել է այն և բարձր աստիճանի զգոնություն խոստացել նախագահական ընտրություններից առաջ: Նա հայտնել է, որ իրավապահները ճշտել են հարձակվողի ինքնությունը: Հետաքննությունը փորձում է պարզել հարձակվողի հնարավոր հանցակիցներին:

Օլանդն այսօր Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել: Առավոտյան կառավարության անդամները, ուժային կառույցների ղեկավարները ժամանել են Ելիսեյան պալատ:

Իրավապահները, պարզելով հարձակվողի ինքնությունը, հիմա խուզարկում են Փարիզի արևելքում գտնվող նրա բնակարանը: Իսլամիստների հետ կապ ունեցող «Ամաք» կայքը գրել է, թե հարձակվողին կոչում են Աբու Յուսեֆ Բելգիացի:

Կիրակի օրը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն է: Հիմնական թեկնածուներն այսօր ընդհատել են քարոզարշավը, չեղյալ համարել նախօրոք պլանավորած հանդիպումները, ցավակցություն հայտնել զոհված ոստիկանի ընտանիքին: Թեկնածուներից մեկը կոչ է արել հետաձգել ընտրությունները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ստանալով Փարիզի հարձակման լուրը, ասել է, թե դա նման է հերթական ահաբեկչական հարձակման: Նա այդ ժամանակ Վաշինգտոնում ասուլիս էր անցկացնում Իտալիայի վարչապետի հետ: Տեղեկանալով Փարիզի հարձակման մասին՝ Թրամփը հայտարարել է․ - «Ինչ կարող ենք մենք ասել, դա երբեք չի ավարտվի, մենք պետք է ուժեղ լինենք, մենք պետք է զգոն լինենք, ինչը ես երկար ժամանակ ասում եմ»:

Գերմանիայի անունից Ֆրանսուա Օլանդին ցավակցել է կանցլեր Անգելա Մերկելը:

Փարիզում մեծ թվով զինծառայողներ և զինված ոստիկաններ են տեղակայվել Ելիսեյան դաշտերում ու զբոսաշրջության հայտնի այլ վայրերում, ինչպես նաև կառավարական և կրոնական շենքերի մոտ:

Փարիզի հարձակումը իրականացվեց նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ թեկնածուները պատրաստվում էին վերջին ջանքերը գործադրել ընտրողների քվեները նվաճելու համար: Հարցումները ցույց են տալիս, որ կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը և ծայրահեղ աջակողմյան հայացքներ դավանող Մարին Լը Պենը ամենաշատ ձայները կստանան, բայց 50 տոկոսը չեն անցի ու հավանաբար երկրորդ փուլի կգնան, որն անցկացվելու է մայիսի 7-ին:

Հարձակումից հետո Մարին Լը Պենը ճեպազրույցում կոչ է արել ուժեղացնել Ֆրանսիայի սահմանների հսկողությունը:

Էմանյուել Մակրոնը ֆրանսիացիներին կոչ է արել չվախենալ: «Մարտահրավերները շարունակվում են, մենք պետք է պայքարենք ահաբեկչության դեմ», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG