Մատչելիության հղումներ

Շատ հավանական է, որ նոր պառլամենտում կլինի երկու իշխանական կուսակցություն՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի. Շարմազանով


Շատ հավանական է, որ Հանրապետական-Դաշնակցություն քաղաքական համաձայնությունը կստորագրվի, և նոր պառլամենտում կլինեն երկու իշխանական կուսակցություն՝ ի դեմս Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչ վերաբերում է Դաշնակցության հետ կոալիցիային, ապա պետք է նշեմ, որ, այո՛, քննարկումները ՀՅ Դաշնակցության մեր գործընկերների հետ շարունակվում են, և շատ-շատ հավանական է, որ 2017 թվականին Հանրապետական-Դաշնակցություն քաղաքական համաձայնությունը կստորագրվի, և մենք պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն՝ ի դեմս Հայաստանի հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների։ Սա նախնական քննարկումների արդյունքներն են, բայց քննարկումները շարունակվում են», - ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ հակվածությունը՝ «թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի մոտ ավելի շատ համագործակցության շարունակությունն է»։

ՀՀԿ խոսնակը վստահեցրեց, որ Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների հարց կուսակցության գործադիր մարմնում չեն քննարկել։ «Բոլոր այդ անունները, հրապարակումները ժողովրդական բանահյուսության շարքից են», - պնդեց Շարմազանովը։

Գործադիր մարմնի երեկվա նիստում քննարկվել են նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզչությանը վերաբերող հարցեր։

«Քննարկել ենք Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկը։ Տեղյակ եք, որ վաղն արդեն քարոզչության առաջին օրն է, մենք այս անգամ, ինչպես նաև 2013 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ նախընտրել ենք ուղղակի բակային հանդիպումների քարոզչությունը, և յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր քարոզչական օր մենք կհանդիպենք չորսից վեց բակերում մեր ընտրողների հետ։ Ինչո՞ւ ենք սա ընտրել՝ որովհետև կարծում ենք, որ մեր ավագանիների, մեր քաղաքապետի թեկնածուների և երևանցիների միջև միջնորդներ հարկավոր չեն։ Մենք ներկայացնելու ենք մեր իրականացրած ծրագրերը 2013-2017 թվականների ընթացքում և, բնականաբար, կներկայացնենք մեր հանրությանը նաև 2017-22 թվականների ռազմավարական ծրագիրը», - փոխանցեց Շարմազանովը՝ շարունակելով. - «Եթե կարիք լինի, մենք ունենք շատ լայն ցուցակ՝ միգուցե 50 համարին, 60 համարին կամ 15-20 համարին խնդրենք՝ «Ելք»-ի ղեկավարների հետ հանդիպեն»։

Հիշեցնենք, «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյան առաջարկել էր բանավեճ կազմակերպել Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջև։

Հարցին, թե Տարոն Մարգարյանն արժանի չի՞ համարում անձամբ հանդիպել նրանց հետ, Շարմազանովը պատասխանեց. - «Տարոն Մարգարյանն արժանի համարում է հանդիպել ավելի շատ երևանցիների հետ և պարոն Մարգարյանը հարգանքով է վերաբերում իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին»։

Ճշտող հարցին, թե Մարգարյանը պատրա՞ստ է ուղիղ բանավեճի՝ ուղիղ եթերով, Շարմազանովը պատասխանեց․ - «Տարոն Մարգարյանը պատրաստ է ավելի ուղիղ աշխատել և իր ծրագրերը ներկայացնել երևանցիներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG