Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը քաղցրաշենցիների խաղողի պարտքի հարցում մեղադրում է նախորդ կառավարությանը


Ճանապարհներ փակելուց մինչև երեխաներին ի նշան բողոքի դպրոց չուղարկած քաղցրաշենցիները այսօր ևս հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց, որտեղ լարված զրույց ունեցան գյուղատնտեսության նախարարի հետ։

2 տարի առաջ տոննաներով խաղող մթերած «Վինար» ընկերությունը մինչ օրս չի վճարել Քաղցրաշեն գյուղի խաղողագործների պարտքը, գրեթե՝ 50 միլիոն դրամ։ Կառավարության շենքի առջև հավաքված քաղցրաշենցիները գյուղատնտեսության նախարարից էին պահանջում լուծել իրենց խնդիրը։ Խաղողագործների առաջարկը՝ Կառավարության պահուստային ֆոնդից փակել «Վինար» ընկերության պարտքը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի համար ընդունելի չէ, ասում է՝ բացասական նախադեպ կարող է ստեղծվել, եթե Կառավարությունն իր վրա վերցնի մասնավոր ընկերության պարտքը։

«Վինարը» ձեզ խաբել է: Երբ մեկը մյուսին խաբում է, Կառավարությունը չի կարող բերել, ասել՝ լավ, արի քեզ փողը տամ, «Վինարի» հետ ես հարցերս կլուծեմ: Չկա այդ համակարգը», - պարզաբանեց նախարարը:

Արդեն 2 տարի հարցի լուծում չգտնող Գյուղատնտեսության նախարարությունը դեկտեմբերին այս գործով դիմել է Դատախազություն, հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս նախաքննությունը շարունակվում է։ Առաքելյանն ասում է՝ «Վինարի» գործում այժմ իրավապահներն անելիք ունեն:

«Հիմա՝ կդատվի, կնստի, ինչ կգտնենք, ինչ կտանք՝ դա է, դրանից ավել բան մի սպասեք», - հայտարարեց նախարարը:

Մինչև գյուղացիների հետ հանդիպելը Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ 2015-ին մթերում արած «Վինար» ընկերությունը գործելու լիցենզիա չի ունեցել։ Մեղադրանքի սլաքներն ուղղելով դեպի Հովիկ Աբրահամյանի կառավարություն՝ նախարարն ասաց, որ նման ընկերությանը չպետք է թույլ տային կամ դրդեին տոննաներով խաղող ձեռք բերել․ - «Ով որ ստիպել է, թող տեր կանգնի: Ես չեմ»:

Քաղցրաշենցիները հնչեցնում էին գործարար Ավետ Գալստյանի և պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի անունները՝ պնդելով, թե Առաքելյանը շատ լավ գիտի ովքեր էին 2015-ին վարձակալել իրենց գյուղի գործարանը։

«Հնարավո՞ր էր, որ ինձ դավերիա անեին էդ գործարանը: Չէ: Էս ղեկավարներին դաբրոն կա, որ էկել էին», - ասում էր ցուցարարներից մեկը:

«Ով որ բերել է «Վինարին», բերեք, թող մարդկանց փողերը փակեն», - հակադարձում էր գյուղնախարարը:

Հուսահատ քացրաշենցիների հետ զրույցը այս անգամ ևս փակուղում հայտնվեց, քանի որ նախարարը այդպես էլ հստակ չնշեց, երբ և ինչպես գյուղացիները կստանան քրտինքով վաստակած գումարը։ Ի վերջո, Իգնատի Առաքելյանը խոստացավ հիմնականում խաղողագործությամբ զբաղվող Քաղցրաշեն գյուղի պարտքի հարցը քննարկել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որից հետո հայտնել գյուղացիներին՝ ինչպես է մարվելու նրանց պարտքը, կամ մարվելու է այն, թե՞ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG