Մատչելիության հղումներ

«ՍԱՍ»-ի ձայնագրության քրգործը՝ ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու հոդվածով


«ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության առիթով Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով է քրեական գործ հարուցել (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով), «Ազատության»-ը փոխանցեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Hayastan24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի համար, և սպառնում, թե ով ձայն չբերի՝ կկորցնի աշխատանքը։

Քրեական գործը հարուցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի ապրիլի 13-ի համարում տեղ գտած «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» հրապարակման հիման վրա։

«Քրեական գործը հարուցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով՝ ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասով։ Հիշյալ քրեական գործով կատարվում է նախաքննություն», - ասաց Օհանջանյանը։

ՀՔԾ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, կասկածյալներ, մեղադրյալներ դեռևս չկան: Քրեական գործը երեկ է հարուցվել:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասը նախատեսում է նվազագույն աշխատավարձի 2000-2500-ապատիկի չափով տուգանք, կամ ազատազրկում 3-ից մինչև 5 տարի ժամկետով։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ քրեական գործը 2 հոդվածներով պետք է հարուցվեր:

«Կարծում եմ, որ այս ձայնագրությունների տարբեր դրվագները ուշադիր լսելիս այստեղ կան նաև քրեական օրենսգրքի 149 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքներ, ինչը նշանակում է, որ ընտրողի ազատ կամքի իրականացման նկատմամբ կատարվել է խոչընդոտում: Խոչընդոտումը կարող է լինել սպառնալիքով, օգտագործվել են, ըստ էության, ծառայողական, աշխատանքային հարաբերությունները, հետևաբար ծառայողական հարաբերությունների օգտագործմամբ ընտրողին փորձում են ուղղորդել կամ դրդել ոչ թե կատարելու իր կամքի ազատ արտահայտմամբ ընտրություն, այլ կատարել իրենց համար ցանկալի քվեարկություն», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Տիգրանյանը: - «Տեսնենք, եթե անգամ քննության ընթացքում արարքը չվերաորակվի կամ նոր հոդված չավելանա, գոնե 154-ի պրիմ 2 հոդվածը չվերաորակվի, որովհետև ակնհայտ է, որ այս դեպքում իսկապես տեղի է ունեցել ընտրողների նկատմամբ որոշակի հարկադրում», - փաստեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն:

Հիշեցնելով, որ ձայնագրությունում խոսող տղամարդը ծառայողական հարաբերություններն օգտագործելով հարկադրում է ընտրողներին՝ որոշակի խոստումներով, օրինակ՝ շրջագայություն, պաշտոնի առաջխաղացում, ինչպես նաև սպառնալիքներով, Հերիքնազ Տիգրանյանը փաստում է՝ դա հենց Ընտրական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածով նախատեսված արարք է:

«Ելնելով զուտ մեր իրավական պրակտիկայից, պիտի երևի գոհանանք նրանով, որ գոնե արարքը ընդհանրապես որակվել է քրեական օրենսգրքի որևէ հոդվածով, կամ իրավապահ մարմինները հետամուտ են եղել գործի քննությանը: Եթե անգամ միայն այս հոդվածով շարունակվի գործի քննությունը և հասնի տրամաբանական ավարտին, այսինքն տեղի ունենա դատապարտում, պիտի արձանագրենք, որ գոնե մեկ դրական գործընթաց իրավապահ մարմիններն արձանագրեցին», - հավելեց իրավախորհրդատուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG