Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առաջարկում են խստացնել Ալիևի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պատիժը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանում առաջարկում են է'լ ավելի խստացնել երկրի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար նախատեսված պատիժը: Նման առաջարկով է հանդես եկել նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը։

Ռուսական «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարան։ Առաջիկայում Միլի մեջլիսը քննարկելու է այն։

Իլհամ Ալիևին վիրավորելն Ադրբեջանում մինչ այդ էլ քրեորեն հետապնդելի հանցագործություն էր համարվում: Անցյալ տարեվերջին պատգամավորների բացարձակ մեծամասնության «կողմ» ձայներով ընդունված այդ օրենքը, սակայն, տարածվում էր միայն համացանցի վրա: Այսինքն՝ սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է սահմանվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով:

Օրենքի փոփոխությամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը առաջարկում է չսահմանափակվել միայն համացանցով, այլ պատիժներ կիրառել նաև հրապարակային ելույթների ընթացքում, համացանցում, լրատվամիջոցներում Իլհամ Ալիևի արժանապատվությունը նվաստացնող կամ ոտնահարող անձանց վրա։ Նոր օրինագծի հեղինակները առաջարկում են նաև ներկայիս տուգանքի չափը 1000 դոլարից հասցնել մինչև 1500-2000 հազար դոլարի։

Ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ՝ օրենքը հակասում է ոչ միայն Սահմանադրությանը, այլ նաև եվրոպական կառույցների առջև երկրի ստանձնած պարտավորություններին:

Երկրի իշխող ընտանիքի անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած անձինք նախկինում էլ պատժվել են, սակայն, ինչպես ադրբեջանցի իրավապաշտպաններն են նշում, այլ հոդվածների օգնությամբ՝ թմրանյութերի պահման, օգտագործման, անկարգություններ հրահրելու և այլ մեղադրանքներով, ինչպես, օրինակ, Գիյաս Իբրահիմովի դեպքում։

Հեյդար Ալիևի արձանի վրա վիրավորական գրություններ թողած 22-ամյա ուսանողն անցած տարեվերջին 10 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն ոչ թե արձանի գործով, այլ խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG