Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Մարուքյանն իր վրա է վերցրել ընտրակեղծարար իշխանության փաստաբանի դերը


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ

«Ելք» դաշինքը ևս դժգոհ է ընտրությունների արդյունքներից և կվիճարկեր արդյունքները Սահմանադրական դատարանում, եթե դրա փաստարկներն ունենար։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինք անդամ Էդմոն Մարուքյանը, նշելով, որ չեն պատրաստվում մերկապարանոց հայտարարություններ անել։

«Ես հասկանում եմ, որ բոլորը կարող են դժգոհ լինել ընտրությունների արդյունքներից, և մենք էլ ենք դժգոհ՝ Հանրապետական կուսակցության 49 տոկոս ձայնը, այս իրավիճակում միանշանակ կբողոքարկեինք, կվիճարկեինք, բայց պետք է դրա փաստարկներն ունենալ։ Մենք չենք պատրաստվում մերկապարանոց ինչ-որ բաներ ասել։ Մեր գործընկերները և ՕՐՕ («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան») դաշինքը նույնպես ունեցել են հանձնաժողովներում անդամներ, նախագահներ և այլն։ Մի հատ էլ հարց տամ, էլի՝ էդ ո՞նց է լինում, որ ընդդիմությունը հանձնաժողովի նախագահ է ունենում, հետո այդ հանձնաժողովների արդյունքը դնում է կասկածի տակ», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Վերջում այդ բոլոր հանձնաժողովներում եզրակացությունները՝ արձանագրությունը կազմվել է, բոլորը ստորագրել և կնիքել են, այդ թվում՝ նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները։ Էդ ստորագրել, կնիքել են 2 հազար տեղամասում, հետո վիճարկե՞լ։ Էդ հիմա հընթացս այդ միտքը եկավ, բայց այդ խնդիրները ի հայտ են գալու Սահմանադրական դատարանում»։

«Ես չեմ հիշում ընտրության օրը՝ գիշերը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հանձնաժողովի նախագահները, կամ քարտուղարները, անդամները, հայտարարած լինեն, որ «գիտեք ինչ կա, մենք հատուկ կարծիք ենք ներկայացնում, կամ չենք ստորագրում արձանագրությունը և չենք ընդունում արդյունքները»։ Որպես ընտրությունները լուսաբանած լրագրողներ եթե դուք տեղեկություն ունեք, կհիշեք նման բան, ես չեմ հիշում: Եվ եթե դա չեն արել այն ժամանակ, ապա հետո Սահմանադրական դատարանում իրենք խնդիր են ունենալու։ Էդ ո՞նց եղավ՝ այդ ժամանակ չարձանագրեցիք, հիմա ասում եք՝ «այդ հանձնաժողովների արձանագրած արդյունքն անվավեր ենք ճանաչում»։ Բա ձեր անդամն է ստորագրել դրա տակ, կնիքը դրել։ Այսինքն՝ դուք ձեր անդամին չե՞ք վստահում։ Այստեղ բազմաթիվ հարցեր են ի հայտ գալու», - ընդգծեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչը։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը, արձագանքելով «Ելք» դաշինքի անդամի հարցադրումներին, հայտարարեց՝ Մարուքյանն իր վրա է վերցրել «ընտրակեղծարար իշխանության փաստաբանի դերը»։

«Ես չհասկացա, Էդմոն Մարուքյանը հիմա կատարում է պատասխանող կողմի դե՞ր։ Մենք դիմել ենք Սահմանադրական դատարան՝ ներկայացնում ենք մեր փաստերը, մեր ապացույցները, ես ինչքան հասկանում եմ՝ հիմա նա ստանձնել է պատասխանող կողմի դե՞րը։ Նման հարցադրումներ պատշաճում են պատասխանող կողմին, տվյալ դեպքում՝ ընտրակեղծարարությունը կատարած Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այդ ընտրակեղծարարությունը պարտակող Սահմանադրական դատարանին։ Երբ որ իրենք այդ հարցերը հնչեցնեն, իսկ ես վստահ եմ, որ իրենք այդ հարցերը կհնչեցնեն, մենք այդ հարցերի պատասխանները կտանք։ Բայց ինձ զարմացնում է, որ Ձեր ասած անձնավորությունն իր վրա վերցնում է փաստաբանի դերը՝ ընտրակեղծարար իշխանության փաստաբանի դերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ վստահեցնելով, որ բոլոր հարցերի պատասխանը կտան Սահմանադրական դատարանում։

«Բայց ինձ զարմացնում է, որ նման հարցադրումով հանդես են գալիս ուժեր, ովքեր կարծես ասում են, որ իրենք արդարության համար պայքարում են», - եզրափակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG