Մատչելիության հղումներ

Մարուքյան. Եթե «Ծառուկյան» դաշինքը հայտարարի, որ ընդդիմադիր է, ապա «Ելք»-ը պատրաստ է ԱԺ-ում համագործակցել


Եթե «Ծառուկյան» դաշինքը 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը հայտարարի, որ ընդդիմադիր խմբակցություն է, ապա, «Ելք» դաշինքը պատրաստ է համագործակցել նրա հետ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առջնորդ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը։

«Ազատություն». - Այն դեպքում, եթե այնուհանդերձ չլինի Հանրապետական-«Բարգավաճ Հայաստան» կամ «Ծառուկյան» դաշինք համագործակցություն խորհրդարանում, դուք [«Ելք» դաշինքը] և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները ինչպե՞ս եք համագործակցելու, և կլինի՞ ընդհանրապես այդպիսի համագործակցություն։

Մարուքյան. - Խորհրդարանի գումարման առաջին նիստի օրը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, խմբակցությունները պետք է հայտարարեն իրենց քաղաքական դիրքորոշումը խորհրդարանում գործունեության վերաբերյալ, այսինքն՝ նրանք ընդդիմադի՞ր խմբակցություն են, թե՞ կառավարող մեծամասնության մաս են․ սա նոր Սահմանադրության համաձայն եմ ասում և նոր ԱԺ կանոնակարգ-օրենքի։ Եթե «Ծառուկյան» դաշինքը հայտարարի, որ իրենք ընդդիմադիր խմբակցություն են, ապա, այո՛, բոլոր այն նախագծերը, որ ներկայացնելու ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի դատին, մենք կառաջարկենք նաև «Բարգավաճ Հայաստան» կամ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ներկայացուցիչներին՝ նույնպես միանալու որպես ընդդիմադիրներ, ինչո՞ւ, որովհետև մենք 9 մանդատ ունենք, «Ծառուկյան» դաշինքը ունի 31 մանդատ, և միասին մենք 40 մանդատներով կարող ենք արդյունավետորեն փոխզսպել և հակակշռել գործող Հանրապետական կառավարող մեծամասնությանը, որի մեջ ներգրավված կլինի, արդեն իսկ ակնհայտ է, Դաշնակցությունը։ Եվ շատ հանգիստ մենք կարող ենք խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծել միասին տարբեր հարցերի վերաբերյալ, որը որ մենք արդեն հայտարարել ենք։ Օրինակ՝ ընտրակաշառքի զանգվածային դեպքերի վերաբերյալ մենք քննիչ հանձնաժողով ենք պատրաստվում ստեղծել, և սիրով «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ մենք կարող ենք այդ հանձնաժողովը ստեղծել, եթե նրանք նույնպես իրենց ստորագրություններով միանան, և նաև հանձնաժողովում իրենց անդամներն աշխատեն։

«Ազատություն». - Կարծում եք, որ չնայած նախընտրական շրջանում հեռակա բանավեճերին, կստացվի՞ ձեր համագործակցությունը։

Մարուքյան. - Մենք հիմք ենք վերցրել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որտեղ նա, ի դեպ՝ Ձեր ռադիոկայանին հարցազրույց տալիս, նա ասում է՝ «եթե իմ 15 կետերն ընդունի Հանրապետական կուսակցությունը, մենք կարող ենք կոալիցիա կազմել»։ Մենք էլ ասում էինք՝ «սիրելի՛ ժողովուրդ, «Բարգավաճ Հայաստան»-ը չի բացառում կոալիցիա կազմել գործող իշխանության հետ, հետևաբար, եթե դուք իրենց ձայն եք տալիս որպես ընդդիմություն՝ ընդդեմ ՀՀԿ-ի, հետագայում նայե՛ք սխալված չլինեք, իմացե՛ք սրա մասին»։ Որոշ ներկայացուցիչներ այն ժամանակ հերքում էին, բայց անձամբ Ծառուկյանը չի հերքել մինչև վերջ։ Սպասենք, հիմա էլ կան խոսակցություններ, որ ազգային համաձայնության կառավարություն կարող է ձևավորվել։ Դրա համար ես չեմ շտապում։ Առաջին նիստը կլինի խորհրդարանի, եթե կհայտարարեն, քարոզարշավի ժամանակ եղած այդ փոխադարձ բանավեճերը քաղաքականության տեսանկյունից չի խանգարի, որ մենք միասին քննիչ հանձնաժողով ստեղծենք և ուսումնասիրենք Հայաստանում զանգվածային ընտրակաշառքի դեպքերը, մեղավոր անձանց բացահայտենք կամ այն երևույթները բացահայտենք, որոնք որ դրա հիմքում են ընկած, և ներկայացնենք իրավապահ մարմիններին ասենք՝ «էս մարդկանց բռնե՛ք, դատե՛ք, և պետք է նրանք գտնվեն տարբեր քրեակատարողական հիմնարկներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG