Մատչելիության հղումներ

Նախկին դատավորը պահանջում է, որ իր գործով մեղադրանքը պաշտպանի գլխավոր դատախազը


Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը պահանջում է, որ իր գործով մեղադրողը լինի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Մոտ 20 տարի դատավոր աշխատած, բայց այսօր ամբաստանյալի աթոռին հայտնված Բարսեղյանն իր հարազատ Շենգավիթի դատարանում հայտարարեց, միջնորդությունը բխում է օրենքից․ - «Չեմ ուզում լիրիկական զեղումներ թույլ տամ, բայց օրենքով բռնել եք, օրենքով էլ դատեք»:

Անցյալ տարվա աշնանից կալանավորված Բարսեղյանը, մեջբերելով Քրեադատավարական օրենսգիրքը, պնդեց, հանցագործության մեջ մեղադրվող դատավորների մեղադրող կողմը կարող է լինել բացառապես գլխավոր դատախազը, նա իրավունք ունի գործում ներգրավել նաև այլ դատախազի։

Իշխան Բարսեղյանը բառարաններին հղում տալով մոտ 5 րոպե նախկին գործընկեր դաատավորին ներկայացնեց «նաև» բառի ստուգաբանությունը, ապա հայտարարեց․ - «Այսպիսով, օրենքի իմպերատիվ պահանջով աներկբա է, որ վերաբերյալ գործով մեղադրանքը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը՝ առանց որևէ բացառության: Միայն ու միայն գլխավոր դատախազը»:

Դատարանը մերժեց միջնորդությունը։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը ընթերցեց մեղադրանքը, ըստ որի Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից 1000 դոլար կաշառք ստանալու պահին։

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր այդ գործողության տեսագրությունը։ Դատավորից ամբաստանյալ դարձած Բարսեղյանն այսօր հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը։

Պաշտպանական կողմը պնդում է, որ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութն ամբողջական չէ և խախտում է նախկին դատավորի անմեղության կանխավարկածը:

Փաստաբանները հայտարարում են, որ այս հարցով դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հաջորդ դատական նիստը տեղի կունեա մյուս շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG