Մատչելիության հղումներ

101 միլիոն եվրո արժողությամբ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական մայրուղու շինարարության մեջ ներգրավված աշխատողներն ասում են՝ այս տարի հրաժարվել են խոպանի մտքից. տանը մոտիկ աշխատանքը՝ գտած բան է։

«Մեկը ինձ ձեռ չի տալի, որ գնամ Ռուսաստան: Ստեղան լավը չկա, չուժոյ ազգի միջին մի քիչ էն չի», - «Ազատության» հետ զրույցում ասում էին նրանք:

Սակայն աշխատողներից ոմանք համեմատում են Հայաստանում ստացածն ու աշխատանքային պայմանները, և նշում, թե ստիպված են այստեղ գործ փնտրում։ Վանաձորցի Վովիկ Հակոբյանն ասում է՝ ամեն տարի Ռուսաստան էր մեկնում, անցած տարի արտաքսել են՝ ստիպված է Հայաստանում 8 անգամ ցածր վարձատրությամբ աշխատել։

«Ընդեղ փողը միանգամից ես ստանում, ղարգում ես: Լրիվս էլ տոկոսի տակ ենք, դրա համար կգնայի», - ասում է նա:

Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագիրն սկսվել է անցած աշնանը։ Լայնացնում են 90 կիլոմետրանոց մայրուղու դժվարանցանելի հատվածները, վերանորոգում ու վերակառուցում թունելները, կամուրջները, հենապատերն ու ջրահեռացման համակարգերը, տեղափոխում ջրագծերն ու գազատարերը։ Շինարարությունն իրականացնող կազմակերպություններից մեկի՝ «Արարատ-ճանշին» ընկերության գլխավոր մեխանիկ Մանվել Սարգսյանը վստահեցնում է, թե արդեն կարողանում են լավ մասնագետներին պահել Հայաստանում․ - «Խոպանը էլ ձեռնտու չի: Որովհետև էնտեղ էժանացելա, էստեղ էլ մենք թանկացրել ենք մի քիչ աշխատավարձերը: Մենք պահում ենք իրանց էստեղ՝ հացը, ջուրը, քնելը․․․ բոլորը ՍՊԸ-ի վրա է և բավականին էլ լավ աշխատավարձ են ստանում՝ 8-12 հազար, նայած ինչ մասնագետներ»:

Մի քանի ընկերություններ են իրականացնում շինարարությունը։ Աշխատողները Հայաստանի տարբեր մարզերից են։ Շինարարության տեմպերը գոհացնում են մարզային իշխանություններին։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասում է՝ կառավարության անդամների հետ եղել է շինհրապարակում ու զարմացել: - «Ներկա դրությամբ շինարարությունն ընթանում է ամենաբարձր մակարդակով», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետը: - «Անկեղծ ասած՝ ես ուղղակի այս պահի դրությամբ հիացած եմ շինարարների կատարած աշխատանքով», - հավելեց Նալբանդյանը:

33 համայնքների միջով անցնող մայրուղու շինարարությունը նախատեսված է ավարտել հաջորդ տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG