Մատչելիության հղումներ

Ֆիզիկական բռնությամբ ուղեկցվող քաղաքական քննարկումներ՝ Վրաստանի խորհրդարանում


Վրաստանի խորհրդարանի նիստ Քութաիսիում, արխիվ

Վրաստանի խորհրդարանի իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորները հերթական անգամ քաղաքական թեմաների քննարկումն ուղեկցում են ֆիզիկական բռնությամբ: Այս անգամ վիճաբանության հրահրողը դարձավ ծայրահեղ ազգայնական «Պատրիոտների դաշինք» խմբակցության անդամ Էմզար Կվիցիանին, ով իր արևմտամետ գործընկերների` «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամների ուղղությամբ սկզբում գրիչ, ապա նաև ջրով լի բաժակ նետեց:

Առաջին միջադեպից քիչ անց Քութաիսիում գտնվող խորհրդարանի շենքի սենյակներից մեկում նոր վիճաբանություն ծագեց, որի ընթացքում «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Գիորգի Կանդելակին մոխրաման շպրտեց իշխող «Վրացական երազանք»-ի անդամ Վանո Զարդիաշվիլիի ուղղությամբ: Վրացական լրատվամիջոցների պնդմամբ, սակայն, հարվածը լավ հաշվարկված չէր, և թռչող մոխրամանը գլխի վնասվածք պատճառեց ոչ թե իշխանամետ պատգամավորին, այլ նույն «Եվրոպական Վրաստան» խմբակցության ղեկավար Օթար Կախիձեին:

Վրաստանի օրենսդիր մարմնում իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից չորեքշաբթի օրը կայացած լիագումար նիստի ժամանակ: Այդ նիստին իր տարեկան հաշվետվությունը պետք է ներկայացներ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Կրքերը թեժացան, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Եվրոպական Վրաստան»-ն ու «Ազգային միացյալ շարժում»-ը, պահանջեցին, որպեսզի հաշվետվության քննարկումն անցնի լրագրողների ներկայությամբ՝ չնայած հատուկ ծառայության ղեկավարն ու իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները պնդում էին, թե նիստի ընթացքում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հրապարակվելու:

«Անվտանգության ծառայությունը Բիձինա Իվանիշվիլիի ոչ-ֆորմալ կառավարման գլխավոր գործիքներից մեկն է: [Անվտանգության կառույցներում] առկա համակարգային կոռուպցիայի մասին հարցեր ևս առկա են», - հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից Սերգո Ռատիանին:

Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչ Թինաթին Բոկուչավայի կարծիքով էլ՝ «նախընտրական շրջանում Իվանիշվիլին Պետական անվտանգության ծառայությունն օգտագործեց իր քաղաքական նպատակներին հասնելու համար, այժմ էլ, ահա, հատուկ ծառայություններին իրավունք է տրվում անօրինական գաղտնալսումներ իրականացնել»: «Այնպես որ, մենք բազմաթիվ հարցեր ունենք ծառայության տնօրենին», - հայտարարում էր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG