Մատչելիության հղումներ

Ֆրանսիական մամուլ․ Մարսելում կանխված ահաբեկչության թիրախն, ըստ ամենայնի, Ֆրանսուա Ֆիյոնն էր


Ֆրանսիա - Իրավապահները խուզարկություն են իրականացնում ձերբակալվածներից մեկի տանը, 18-ը ապրիլի, 2017թ․
Ֆրանսիա - Իրավապահները խուզարկություն են իրականացնում ձերբակալվածներից մեկի տանը, 18-ը ապրիլի, 2017թ․

Ֆրանսիայի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել կիրակի օրը` նախագահական ընտրությունների առաջին փուլի նախաշեմին ծրագրվող լայնածավալ ահաբեկչական հարձակումը: Ֆրանսիացի իրավապահները երեքշաբթի օրը հատուկ գործողություն են իրականացրել Մարսել քաղաքում` ձերբակալելով ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ կասկածվող երկու անձանց և մեծ թվով զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութեր առգրավելով:

«Կարող եմ միայն նշել, որ մեր անվտանգության ուժերն ու ոստիկանությունը նշանակալի հաջողության են հասել` կանխելով երկու անձանց գործողությունները, ովքեր դատարանի առջև կկանգնեն: Ոստիկանությունը նրանց կհարցաքննի, և մենք կկարողանանք պարզել, թե որոնք էին այդ մարդկանց իրական նպատակները», - ոստիկանական գործողության ավարտից մի քանի ժամ անց հայտարարում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեծ է հավանականությունը, որ հարձակման թիրախը նախագահական ընտրությունների առաջատար թեկնածուներից մեկն էր: Մի շարք թերթերի տեղեկություններով՝ խոսքը աջ-պահպանողական Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի մասին է:

BFM TV հեռուստաալիքի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալներից մեկի լուսանկարը, որում նա պատկերված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշի ֆոնին, մի ձեռքում՝ ատրճանակ, մյուսում` Le Monde պարբերականի համարներից մեկը, որի առաջին էջում պատկերված է Ֆրանսուա Ֆիյոնը:

Այս վարկածի օգտին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ֆիյոնի` Մարսելից ոչ հեռու գտնվող Մոնպելյե քաղաքում օրերս կազմակերպված նախընտրական հանրահավաքն ուղեկցվում էր անվտանգության աննախադեպ միջոցառումներով: L'Express պարբերականի պնդմամբ` այդ հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը շարքային ոստիկանների հետ մեկտեղ հսկում էին նաև զինծառայողներն ու դիպուկահարները:

Ըստ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենի, ձերբակալված երկու անձինք` 23-ամյա Կլեմենտ Բոն և 29-ամյա Մահյեդին Մերաբեն իսլամիստական համաեվրոպական ցանցի ակտիվ անդամներ են:

«Կլեմենտ Բոն անընդհատ փոխում էր իր բնակության վայրը` ներկայանալով տարբեր անուններով, այդ թվում որպես չեչեն ջիհադիստ ապրելով բելգիական Վերվյե քաղաքում: Այդ ընթացքում նա տեղաշարժվել է Բելգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի տարածքում: Դա է պատճառը, որ բելգիական հատուկ ծառայությունները քննում են նրա առնչությունը երկրում գործող իսլամիստական կառույցների հետ», - նշում էր ֆրանսիացի դատախազը:

Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ ֆրանսիացի իրավապահները ծրագրվող հարձակման մասին առաջին օպերատիվ տեղեկությունները ստացել են բրիտանական հատուկ ծառայություններից: Ֆրանսուա Ֆիյոնի անվտանգությունն ապահովելուց բացի, ֆրանսիացի իրավահները, դեռ մինչև Մարսելում իրականացված հատուկ գործողությունը, կասկածյալների մասին ողջ տեղեկատվությունը փոխանցել են ընտրարշավի երկու առաջատարների` Մարին Լը Պենի և Էմանյուել Մակրոնի անվտանգության ծառայություններին:

Ազգայնական Լը Պենի թիմակիցները վստահ են, որ ահաբեկչական դավադրության իրական թիրախը հենց իրենց թեկնածուն էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա այսօր Մարսելում նախընտրական մեծ հանրահավաք է անցկացնում:

Կենտրոնամետ թեկնածու Մակրոնը, մեկնաբանելով Մարսելում իրականացված հատուկ գործողությունը, նշում էր․ - «Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է և հիշեցնում է մեզ, որ մենք դեռևս դիմակայում ենք ահաբեկչության բավական լուրջ սպառնալիքին: Մեր թշնամիները ցանկանում են խաթարել դեմոկրատական կանոններով ընթացող այս մրցությունը»:

Իսկ ահաբեկչական հարձակման ենթադրյալ թիրախը` Ֆրանսուա Ֆիյոնը, Կալե այցի ընթացքում նշում էր, որ վերջին իրադարձություններն իրեն չեն ստիպի փոխել քարոզարշավի ամփոփիչ փուլի ժամանակացույցը:

«Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ շնորհավորել ոստիկանության աշխատակիցներին և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, ովքեր կարողացել են ձերբակալել երկու ահաբեկիչներին: Այս փոփոխությունները, սակայն, որևէ կերպ չեն ազդելու իմ ընտրարշավի կազմակերպման վրա», - հայտարարում էր Ֆիյոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG