Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով 18 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է


«Սասնա ծռեր» խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքում: 22-ը հուլիսի, 2016 թ․

Զինված ապստամբության միջոցով իշխանափոխության փորձ կատարած «Սասնա ծռերի» գործով 18 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին:

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի 18 անդամների վերաբերյալ քրեական գործն անջատվել է, և անցած ամիսներին ընթացքում բավարար ապացույցներ են հավաքվել մեղադրական եզրակացություն կազմելու համար։

Անցած ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Անցած նոյեմբերին Հատուկ քննչական ծառայությունը ավարտել 14 մեղադրյալներ գործով նախաքննությունը ու կողմերին դրանց ծանոթանալու ժամանակ տվել։ Գործի այս մասը դեռ դատարան չի ուղարկվել։

Զինված խմբի անդամ Արամ Հակոբյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործերը դեռ չի ստացել:

Փաստաբանը պնդեց, թե անցած 9 ամիսների ընթացքում նախաքննական մարմինը հաշվի չառավ այն հանգամանքը, որ «Սասնա ծռերի» անդամները զենքը վայր դրեցին եւ հանձնվեցին իրավապահներին․ - «Զենք պահել, կրել և այլն, այդ մասով, ինչպես նաև շինությունների զավթման ու պահելու մասով, այն դեպքում, երբ Քրեական օրենսգիրքը պարտադիր բաղադրիչ է նաև համարում այն, որ պետք է այդ շենք-շինությունները ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք հնչեցված լիներ և այլն․․․ Այդպիսի մի շարք անհամապատասխանություններ օրենքի տառին, որոնց արդյունքում էս մեղադրանքները պարզապես չէին կարող առաջադրվել: Բայց առաջադրվել են, դրա հիմքով կալանքի միջնորդություններ են ներկայացվել, երկարացվել են այդ կալանքները ութ ամիսների ընթացքում՝ ապօրինի»:

Փաստաբանի փոխանցեց, որ Արամ Հակոբյանը մեղքը չի ընդունում։ Հակոբյանը, հիշեցնենք, ապրիլի 12-ից գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Նա, ըստ փաստաբանի, նախաինսուլտային վիճակում է:

«Պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ պարզապես մեղքը չենք ընդունում: Վերջ: Մեղսագրված արարքներից որևէ մեկը Արամ Հակոբյանը, ըստ մեզ, չի կատարել», - ասաց Գյուրջյանը:

«Սասնա ծռերի» անդամներ Մարտիրոս Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, համաձայնելով գործընկերոջ տեսակետին, պնդում է, որ այս գործով քաղաքական որոշումներ են կայացվում․ - «Բոլորիս համար ակնհայտ է և բոլորս դա ուղիղ եթերում տեսել ենք, որ մարդիկ հանձնել են զենքը և հանձնվել են: Իսկ օրենքը՝ Քրեական օրենսգիրքը հստակ խրախուսական նորմ է սահմանում այս առումով, որ զենքը կամովին հանձնած անձը պիտի ազատվի պատասխանատվությունից: Ես կարծում եմ, որ կա քաղաքական որոշում․ եթե դու «Սասնա ծռեր» խմբի անդամ ես և գտնվել ես պարեկապահակետային ծառայության գնդում, ուրեմն պիտի այս կամ այն կերպ քրեական հետապնդման այնուամենայնիվ ենթարկվես»:

Վարոսյանը նշում է, որ երկու պաշտպանյալներն էլ մեղադրվում են նաև պատանդ վերցնելու մեջ, բայց ասաց, որ նախաքննության ընթացքում պատանդների հետ առերեսումներ չիրականացվեցին, քանի որ գնդի տարածքում պատանդ վերցված բժիշկները իր պաշտպանյալներին մատնացույց չեն արել․ - «Ենթադրյալ պատանդները ո՛չ Արայիկ Հակոբյանի, ո՛չ Մարտիրոս Հակոբյանի անունն անգամ չեն տալիս որևէ կերպ: Կարծում եմ, ի սկզբանե կար որոշում, որ ամբողջ խմբին ինչ-որ կերպ ենթարկել պատասխանատվության: Հիմա դա ո՞նց կստացվի, ի՞նչ կհիմնավորվի, ի՞նչ չի հիմնավորվի, նրանցից ով ինչ գործողություն իրականացրել է կամ չի իրականացրել, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեղադրանքի կողմը մինչ այս պահը այդ ուղղությամբ գործողություններ չի կատարում՝ զատելու, հասկանալու, թե ի վերջո ով ինչ է արել և ինչի համար է պատասխանատու: Կարծում եմ, ամեն ինչ գալիս է նրանից, որ քաղաքական որոշում կա՝ ենթարկել պատասխանատվության»:

«Սասնա ծռերի» մեկ այլ անդամ՝ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը նույնպես պնդում է, որ մարդիկ ապստամբություն անելու իրավունք ունեն․ - «Իսկ կարո՞ղ եք ասել, որ ապստամբությունը անիրավական է․․․ Ապստամբության վերաբերյալ դրույթը պահանված է Մարդու իրավունքների հռչակագրում: Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ապստամբության իրավունքը որպես երևույթ չի ներկայացրել, բայց ՀՀ սահմանադրությունը բխում է միջազգային իրավական նորմերից: Այսինքն՝ ապստամբությունը տեսականորեն ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ»:

Արամ Մանուկյանն արդեն 9 ամիս է գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։ ՊՊԾ գնդի գրավման օրերին նա հրազենյաին վիրավորում էր ստացել, այնուհետև տեղափոխվել Էրեբունի հիվանդանոց եւ վիրահատվել։

Նրա փաստաբանը նշում է՝գործի նյութերը ստանալուց հետո առավել մանրամասն կարող են քննարկել քննիչների անցած ամիսների աշխատանքը։

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը սպանությանները մեղսագրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG