Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան խնդիր չի տեսնում Աբխազիայով ռուսական բեռների տարանցիկ փոխադրումները վերականգնելու համար:
Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում, պատասխանելով աբխազական երկաթուղին վերաբացելու, դեպի Հայաստան և Վրաստան տարանցումը վերականգնելու հնարավորության հարցին, Լավրովն ասել է, թե հանդիպմանը այդ հարցը շոշափվել է:
«Ռուսական կողմը որևէ խնդիր չի տեսնում տարանցումը վերականգնելու համար: Դրա համար նույնիսկ իրավական հիմք կա: Այն կարող է հենվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011-ին ձեռք բերված համաձայնությունների վրա», - ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հավելել է. - «Մենք գիտենք, որ մեր հայաստանցի գործընկերները հետաքրքրված են, որ տարանցումը վերականգնվի: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ դրա դեմ առարկություն չունի: Հարցն արդեն մեզանից չի կախված, այլ այն երկրներից, որտեղ տարանցումը կարող է հասնել»։
Մանրամասները տե՛ս այստեղ