Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երեկ հրապարակած զեկույցով՝ 2016 թվականը Հայաստանը փակել է իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0.2 տոկոս աճով։ 2017 և 2018 թվականների համար կանխատեսվում է 2.9-ական տոկոսի աճ:

Հիմնադրամի նախորդ զեկույցում Հայաստանի տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ էին կանխատեսվել: Ինչ վերաբերում է սղաճին, ապա, ըստ զեկույցի, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում այն կլինի ամենացածրը՝ 2 տոկոս:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետներն իրենց զեկույցում անդրադառնում են նաև գործազրկության ծավալներին:

Ըստ զեկույցի, 2016-ին գործազուրկները կազմել են Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18 տոկոսը, գրեթե նույն ցուցանիշն ակնկալվում է այս և հաջորդ տարվա համար: Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՊՀ երկրների շարքում ոչ մի տեղ գործազրկության մակարդակն այսքան բարձր չէ:

Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում երկրները բաժանված են էներգակիր արտահանողների և ներմուծողների: Էներգակիրներ արտահանող երկրներից 2017-2018 թվականներին ամենամեծ տնտեսական աճը կանխատեսվում է Թուրքմենստանում՝ 6 տոկոսից ավելին, Ուզբեկստանում՝ 6 տոկոս, իսկ Ադրբեջանի համար, ընդհակառակը, 1 տոկոսի անկում է կանխատեսվում, և 2 տոկոսի աճ՝ հաջորդ տարվա համար:

Էներգակիրներ ներմուծող երկրներում ամենամեծ տնտեսական աճը կանխատեսվում է Տաջիկստանում՝ 4.5 տոկոս 2017-ին, և 5 տոկոսի աճ՝ 2018-ին, այնուհետև գալիս են Մոլդովան, Վրաստանը, Ղրղըզստանը, Հայաստանը՝ 2.9 տոկոսով։ Ամենացածր ցուցանիշները վերաբերում են Բելառուսին՝ այս տարի անկում 0.8 տոկոսով, ապագայում աճ՝ 0.6 տոկոսով:

Սղաճը ամենաբարձրն այս տարի սպասվում է Ուկրաինայում՝ 11.5 տոկոս, Ադրբեջանում՝ 10 տոկոս, Բելառուսում՝ 9.3 տոկոս:

Ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում, վերցրած նաև Վրաստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Միջազգային արժույթի հիմնադրամը դրական տեղաշարժ է արձանագրում: 2016-ը այս լայն տարածաշրջանը փակել է 0.3 տոկոսի աճով, 2017-ին ակնկալվում է 1.7 տոկոսի աճ, և 2.1 տոկոսի աճ՝ 2018-ի համար։ Նախորդ զեկույցում ավելի ցածր թվեր էին կանխատեսվում:

Թվերի հետ բերված մեկնաբանությունում Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները նշում են, որ ԱՊՀ տարածաշրջանում իրավիճակը բարելավվել է առաջին հերթին Ռուսաստանում տնտեսական աճը վերականգնվելու շնորհիվ, ինչը կապված է նաև նավթի գնի կայունացման հետ:

Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը Վաշինգտոնում ներկայացվել է ապրիլի 18-ին՝ հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարների գարնանային նստաշրջանի նախաշեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG