Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Սեֆիլյանի գործը կուղարկվի դատարան


Առաջիկա օրերին Ժիրայր Սեֆիլյանի գործը, փաստաբանի փոխանցմամբ, կուղարկվի դատարան: Նախաքննության ընթացքում մեղադրյալն առավելագույնը մեկ տարի կարող է անցկացնել անազատության մեջ, ուստի մինչև մայիսի 20-ը ընդդիմադիր առաջնորդը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ մեկնարկի գործով բուն դատավարությունը, և տեղում որոշվի՝ Սեֆիլյանը մնում է կալանքի տակ, թե՞ ոչ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ չապացուցվեց Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը, օրինակ՝ որ զենք, ռազմամթերք է ձեռք բերել, փոխադրել: Փաստաբանը վկայակոչում է մեղադրյալներից մեկի ցուցմունքը․- «Ինքը չի հիշում Ժիրայր Սեֆիլյանը երբ է իրեն հանձնարարություն տվել զենքերը տեղափոխելու: Քննիչի հուշումով նա թվականը հիշեց, բայց սկզբում ասաց 2015 թվական, հետո ուղղեց՝ ասաց 2016 թվական: Բացի դրանից, նա չէր հիշում՝ Ժիրայր Սեֆիլյանը անձա՞մբ է իրեն հրաման տվել զենքերը տեղափոխել: Անգամ չէր հիշում՝ հեռախոսով է ասել, թե գլխի շարժումով է հասկացրել: Այդքան անհեթեթ ձևով պնդում էր: Մեզ չթույլատրվեց, որպեսզի պաշտպանական կողմը հարցեր ուղղի»:

Փաստաբանն առհասարակ արհեստական է որակում Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը, թե Ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ զանգվածային անկարգություններ է նախապատրաստել․- «Հետևյալն է գրված, որ Ժիրայր Սեֆիլյանը ցույցեր է կազմակերպել, ասուլիսներ է տվել, երթեր է կազմակերպել և փորձել է ժողովրդի մեջ ընդվզում առաջացնել իշխանությունների նկատմամբ, ինչը քաղաքական հստակ գործունեություն է և ստացվում է, որ փաստորեն նրան քաղաքական գործունեության համար են մեղադրանք առաջադրել։ Չի նշված, թե կոնկրետ ինչ զանգվածային անկարգություն պետք է լիներ, ինչպես պետք է լիներ: Քննիչն էլ ասում է, որ սպիտակ դրոշ կամ զինվորական պայուսակ են հայտնաբերել: Ցանկացած զինվորականի բնակարանում կարելի է զինվորական պայուսակ հայտնաբերել, սա հի՞մք է անձին մեղադրանք առաջադրելու ու մինչև հիմա պահելու»:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ժիրայր Սեֆիլյանը ծրագրել է նաև շենք-շինություններ զավթել, գրավել Նորքի հեռուստաաշտարակը և մի զորամաս․ - «Հեռուստաաշտարակի մասին բոլոր այդ ցուցմունքներում, որ ասում են այդ երկու անձինք, խոսքը գնացել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ի մասին: Դեկտեմբերի 1-ը անցել է և Ժիրայր Սեֆիլյանին 2016 թվականի հունիսին են ձերբակալել»:

Թեև իրավապահները որոշել էին Սեֆիլյանի գործը քննել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանական գնդի գրավման գործի հետ, այդուհանդերձ դրանք հիմա նորից առանձնացվել են:

Սեֆիլյանի ընկերները հետագայում զենքի գործադրմամբ շենք գրավեցին, բայց Ալեք Ենիգոմշյանը պնդում է՝ դրանից առաջ երբեք նման սցենար չի քննարկվել՝ ո՛չ 2015 թվականին՝ «Հարյուրամյակն առան ռեժիմի» կարգախոսով շարժման ընթացքում, ո՛չ էլ անցած տարվա դեկտեմբերին՝ «Նոր Հայաստան»-ի հանրահավաքներին ընդառաջ․- «Ինչը որ հայտարարվել է, դա էր ծրագրվածը և ինչքան էլ որ ցանկանան նախաքննական մարմինները, չեն կարող ապացուցել մի բան, որ գոյություն չի ունեցել»:

Ենիգոմշյանը միայն ենթադրում է, որ «Սասնա ծռերի» գործողությունը ծրագրվել է արդեն Սեֆիլյանի ազատազրկումից հետո՝ առանց ընդդիմադիր առաջնորդի իմացության:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ժիրայր Սեֆիլյանին ավելի քան տասը տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG