Մատչելիության հղումներ

Թբիլիսիի հետ բանակցություններում Իրանը կարևորել է տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վրաստանի իշխանությունների հետ այսօր վարած բանակցություններում տածաշրջանային տրանսպորտային համագործակցության համատեքստում ընդգծել է նաև Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը:

Վրաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումից հետո Մոհամադ Զարիֆն ասել է՝ Իրանը ցանկանում է Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցք ստեղծել, որին անպայման պետք է մասնակցություն ունենան Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը:

Նա հայտնել է, որ Վրաստանի իր պաշտոնակցի՝ Միխեիլ Ջանելիձեի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները տարանցիկ բեռնափոխադրումների, արդյունաբերության, բանկային փոխանցումների, գիտության ոլորտներում: Ըստ նրա, քննարկվել են նաև միջազգային կազմակերպություններում տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցելու հետ կապված հարցերը:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող՝ Իրանի արտգործնախարարին ուղեկցում են իրանցի շուրջ երեք տասնյակ գործարարներ ու ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Թբիլիսիում նաև անցկացվում է վրաց-իրանական բիզնես ֆորում:

Մոհամադ Զարիֆն այսօր հանդիպումներ է ունենալու նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Առաջիկա օրերին ակնկալվում է Վրաստանի վարչապետի այցը Թեհրան: Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարը, Կվիրիկաշվիլիի այցը գնահատելով «պատմական իրադարձություն»: Ըստ վրացական լրատվամիջոցների, Գեորգի Կվիրիկաշվիլին Իրան է մեկնելու ապրիլի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG